23 01 2019
Կարևոր է բացահայտումների որա՞կը, թե՞ քանակը
Բացահայտումներ, հարկային ստուգումներ, անբարեխիղճ մրցակցության դեպքեր, ստվերային գործարքներ և կոռուպցիոն դեպքեր լինում են ամեն տարի: Դրանք, իհարկե, ոչ ցանկալի, բայց սովորական երևույթ են նույնիսկ կոռուպցիայի ցածր ցուցանիշ ունեցող երկրներում:
Հայաստանի՝ մայիսից ի վեր հաստատված իշխանությունը յուրաքանչյուր բացահայտում որակեց որպես աննախադեպ՝ տպավորություն ստեղծելով, որ կոռուպցիան բացառապես ամենուր է։ «Ամենից ամենա բացահայտող»-ի անվանակարգի համար յուրահատուկ մրցապայքար էր ստեղծվել, ստուգող գործառույթ ունեցող կառույցներին ջանասիրաբար միացել էին նաև նախարարություններն իրենց ղեկավարներով:
Հայաստանում համակարգային կոռուպցիային բազմիցս ենք անդրադարձել։ Սակայն բացահայտումների որակը գնալով ընկնում է։ Ինչի՞ մասին է խոսքը։ «Խոշոր բացահայտումներն» առանձնանում են նրանով, որ հայտարարությունների մեծամասնությանը հետևում են հակադարձումներ, մեղադրանք առ բացահայտողները՝ ոչ պրոֆեսիոնալիզմի և սուտ տեղեկությունների պատճառով։ Սպառնում են դատարանով, մի մասն էլ դատի է տալիս, պահանջում հերքումներ: Տպավորություն է ստեղծվում, որ կարևորը ոչ թե բացահայտումների որակն էր, այլ քանակը: Ասվածը փաստելու համար բերենք ավելի քան մեկ տասնյակ օրինակ։
- Հունիսի 22-ին ՊԵԿ-ը հայտարարեց, թե՝ ««Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ: Բացի այդ, ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն նվազեցվել են համախառն եկամտից: Ընդհանուր առմամբ, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ»:
Երբ ընկերությունը չհամաձայնեց ՊԵԿ-ի հետ, այս կառույցի ղեկավար Դավիթ Անանյանը մեկնաբանությամբ հանդես եկավ, որը բոլորովին առաջին հայտարարության մեղադրանքը չուներ։ Նա ասաց․ ««Գյումրի գարեջուր»-ում ստուգման ժամանակ որոշակի մեխանիզմներ ենք տեսել, որտեղ, ըստ էության, մեր կարծիքով (որովհետև քննություն է գնում, և կպարզի, թե որանով է հարկային մարմնի կողմնից ներկայացված տեսակետը հիմնավոր, Դ.Ա.), սխեմա է աշխատել, և վաճառքներն իրականցվել են այլ տնտեսվարողների միջոցով: Այսինքն՝ միջնորդավորված գործարքներ են իրականացվել:
Իրականում որ մի կողմից նայում ենք, առաջին հայացքից թվում է, թե այնքան էլ օրենսդրության շրջանակներում բան չկա, կարելի է վաճառքները կամ գործառույթների մի մասը տարանջատել: Բայց կարևորը՝ թե նպատակադրումներն ինչպիսին են:
Եթե բիզնեսի տարանջատման տեսանկյունից են տարանջատումները կատարվել, այլ խնդիր է, եթե տարանջատումների միակ նպատակը հարկերից խուսափելն է, դա այլ խնդիր է»:
- Ազգային Անվտանգության ծառայությունը նոյեմբերի 15-ին հայտարարություն էր տարածել, որ Լոռու մարզի Տաշիր համայնքապետարանի տարբեր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետական միջոցների առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր են բացահայտվել։
Ըստ այդ հայտարարության՝ «Տաշիր համայնքի ղեկավարը տնտեսվարող սուբյեկտի հետ կնքել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, և փոխանցել է շուրջ 98 մլն ՀՀ դրամ, սակայն նշված ծառայությունը իրականում չի մատուցվել, այն փաստացի կազմակերպվել և իրականացվել է համայնքապետարանի աշխատակիցների ուժերով»:
Անմիջապես հաջրոդ օրը փաստաբան Արմեն Ֆերոյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Տաշիրում չարաշահումների վերաբերյալ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում և ամբողջությամբ ապատեղեկատվություն են:
Գործը մոռացվեց։
- Հունիսի 21-ին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս» ընկերություններում իրականացված հատուկ գործողություններից հետո ոստիկանությունը հայտարարեց, որ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ գործողություններ է իրականացնում «Էլլիպս» ընկերությունում:
Ընկերությունների տնօրենը հանդես եկավ հայտարարություններով, որ ոչ մի չարաշահում չկա, ոստիկանությունը շտապել է հայտարարություններ անելիս: Մի քանի օր հետո՝ հունիսի 25-ին, ոստիկանությունը նորից հայտարարություն տարածեց, որ գործողություններ է իրականացնում «Էլլիպս» ընկերությունում: Բայց միայն այդքանը․ այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ են հայտնաբերել: Ընկերությունում, ի դեպ, դեռ սպասում են պաշտոնական հայտարարության՝ այն է՝ նախկին հայտարարությունների հիմնավորումներին, կամ հերքմանը։
- Սեպտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շրջանցեց գաղտնալսման թեման և անցավ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին՝ հայտարարելով․ «Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները»։
Այնուհետև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատի տվեց Արթուր Վանեցյանին։ Վանեցյանն էլ խմբագրեց խոսքը՝ ասելով, թե ասուլիսում արագ խոսելու հետևանքով բաներ է նասել, որը ճիշտ չէ։
- Նոյեմբերի 14-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց 20 միլիոն դրամով տուգանել «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը: Տուգանքը կիրառվեց անբարեխիղճ մրցակցության դրսեւորման, մասնավորապես՝ սպառողներին մոլորեցնելու, ինչպես նաեւ մրցակիցների հանդեպ բարեխղճության սկզբունքները խախտելու համար:
Հերքումը չուշացավ: «Արզնու Տոհմային ԹՏԽ» ընկերությունը հայտարարեց, որ չի ընդունում Տնտեսական մցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայացրած որոշումը և այն բողոքարկելու է օրենքով սահմանված կարգով՝ որոշումը ստանալուց հետո:
- Դեռ օգոստոսի 9-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ էին իրականացրել «Վեոլիա ջուր» ընկերությունում: Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ընկերության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, ինչպես նաև ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք պաշտոնատար անձանց կաշառք տալու դիտավորության մեջ՝ 2018թ. մատուցվող ծառայությունների սակագները բարձրացնելու նպատակով: Դրան հետևեց ընկերության հայտարարությունը, որտեղ «Վեոլիա ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն հնչեցված մեղադրանքները որակեց անհիմն:
«Վեոլիա ջուր» ընկերությունում ստուգումներից, հայտարարություններից և կոշտ արձագանքից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Ֆրանսիա, ունեցավ մի շարք հանդիպումներ, որոնցում, ըստ տարբեր տեղեկությունների, անդրադարձ է կատարվել նաև այս թեմային՝ դրսի ներդրումներն անպաշտպան լինելու և հեղինակազրկվելու համատեքստում։
Տևական անորոշությունից հետո նոյեմբերի 27-ին Փաշինյանը նախընտրական քարոզչության շրջանակներում հայտարարեց․ «Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Այս հենքի վրա ՀՀ կառավարությունը, Հայաստանի հանրությունը նոր հարաբերություններ կկառուցեն ֆրանսիական կազմակերպությունների հետ։ Սա «Վեոլիա ջրի» ու մեր կառավարության համագործակցության առաջին լուրջ օրինակն է»:
Այս հայտարարությանը հետևեցին ՀՀ վարչապետի և փոխվարչապետ Ավինյանի գովասանքի խոսքերը՝ ուղղված «Վեոլիա» ընկերությանը:
- Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2018թ. նոյեմբերի 20-ին որոշել էր տուգանել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին 30 միլիոն դրամի չափով: Ընկերության ործողությունները և վարքագիծը որակվել էին, որպես գերիշխող դիրքի չարաշահում:
Ընկերությունը տարածած հայտարարության մեջ նշել էր, որ մամուլից է տեղեկացել այդ մասին և դատի է տվել հակամենաշնորհային հանձնաժողովին դատարան:
- Պետական եկամուտների կոմիտեն նոյեմբերի 14-ին հայտարարություն տարածեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր են բացահայտվել և քրեական գործ է հարուցվել:
Հենց նույն օրը ընկերությունը հերքմամբ հանդես եկավ, նաև նշեց, որ ՊԵԿ-ի նման գործելաոճը կարող է վտանգել Ընկերության ձեռք բերած գործարար համբավը և ձախողել Ընկերության բնականոն գործունեությունը:
- Հաջորդ բացահայտման հեղինակը ՀՀ առողջության նախարար Արսեն Թորոսյանն է: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հասցեին՝ մանավորապես նշելով, որ նրա կառավարման տարիներին եղել են գնումների հետ կապված խախտումներ և չարաշահումներ, որ Արմեն Մուրադյանը ճնշում գործադրելով տարբեր բժիշկների վրա՝ կազմակերպում է տարբեր ստորագրահավաքներ:
Հնչեցված մեղադրանքներին իրավական գործընթաց մինչ օրս էլ չի հետևել, իսկ ահա ԵՊԲՀ-ն պատասխանեց՝ կետ առ կետով ներկայացնելով հակափաստարկներ:
- Կրթության և գիտության նախարարը նշանակումից ի վեր այնքան էր խոսում կոռուպցիոն բացահայտումների մասին և այնքան էր տարված այդ ուղղությամբ, որ տպավորություն ստեղծվեց, որ նրա նշանակման ժամանակ ոլորտն էր սխալ ընտրել: Այբ հիմնադրամ-Արայիկ Հարությունյան մենամարտը դեռևս իր հանգուցալուծումը չի ստացել, ամիսներ տևած ուսումնասիրությունների, կրկնակի ստուգումներից հետո ի վերջո ԿԳՆ-ն որոշ չարաշահումներ հայտնաբերման մասին էր հայտարարել, իսկ Այբ հիմնադրմաը՝ նորից հերքել էր դրանք:
Արայիկ Հարությունյանի հաջորդ թիրախը Պուշկինի անվան դպրոցն էր: Նախարարը մեղադրում էր, որ այդ դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Դպրոցն էլ պատասխանեց, որ այդ լիցենզիան ստացել է դեռ 2006 թվականից:
- Կրթության ոլորտում հաջորդ բացահայտումը Երևանի պետական համալսարանում էր: Այս անգամ բացահայտման հեղինակը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էր, որը իր ֆեյսբուքյան էջում տարեվերջին նշել էր, որ ըստ նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս: Պատասխանը շատ չուշացավ: ԵՊՀ ռեկտորը հրատապ ասուլիս հրավիրեց և հերքեց այդ ինֆորմացիան: Տարին ավարտվեց հերքմամբ, նորը սկսվեց՝ մեղադրանքներով: Հունվարի 11-ին Դավիթ Սանասարյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով և ասաց, որ ունեն հիմնավոր փաստեր:
Թե ինչպես կհանգուցալուծվի այս առճակատումը, դեռ պարզ չէ, բայց ԵՊՀ ռեկտորը նորից հակադարձել է՝ նշելով, որ օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելու փոխարեն՝ ծառայության ղեկավարն արդեն տևական ժամանակ զբաղված է Երևանի պետական համալսարանի բարի համբավն արատավորող մտացածին և չճշտված տեղեկությունների տարածմամբ:
- Սա միակ հակադարձումը չէր Դավիթ Սանասարյանին: Դավիթ Սանասարյանն ուսումնասիրություններ էր կատարել համայնքներում և հայտնել, որ Ազատամուտ և Անի համայնքներում բացահայտված չարաշահումների փաստերով առաջիկայում նաև քրեական գործեր կհարուցվեն:
Հետագայում Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ Դավիթ Սանասարյանի գործողություններն անօրինական են և նրա իրավասություններից դուրս և արդեն դառնում է քաղաքական միջամտության գործ:
- Նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ , որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կառավարության նիստում հայտարարեց, որ մեկ քրեական գործ է հարուցվել՝ ներառելով բոլոր խախտումները, և այժմ գտնվում է նախաքննության փուլում:
Անդրադառնալով մեղադրանքներին՝ Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը նշել էր, որ թեև համաձայն է, որ իրենց ոլորտում կան անբարեխիղճ տնտեսվարողներ, սակայն միանշանակորեն անընդունելի է համարում մեղադրանքները առանց ջրաչափի աշխատելու և այլնի վերաբերյալ։
- Հերքվող հայտարարություններից անմասն չէ նաև Պետեկամուտների կոմիտեն։ Այս կառույցը հունվարի 21-ին հայտարարեց, թե «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ-ն չի վճարել խոշոր չափերով հարկեր, և ըստ նախնական հաշվարկի՝ պետությանը պատճառվել է մոտ 200 մլն դրամի վնաս: «Նաիրի Ինշուրանս»-ը հանդես եկավ պատասխանով․ «Պաշտոնապես հայտնում ենք, որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ ստուգումներ իրականացնելու նպատակով, և անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ, և ինչ փաստերի վրա է հիմնված տվյալ հայտարարությունը:
Բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ՊԵԿ նման վարքագիծը բացառապես միտված է արատավորելու «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ գործարար համբավն ու հեղինակությունը, ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ ՊԵԿ կողմից տարածվող վստահություն չներշնչող հաղորդագրությունները հրապարակելուց և ցանկացած այլ միջոցներով տարածելուց:
Միաժամանակ, ընկերությունը ձեռնարկելու է օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար՝ բացառելու ընկերության գործարար բարի համբավն արատավորող ցանկացած փորձ և պատասխանատվության ենթարկելու նմանօրինակ դեպքերի մեղավորներին օրենքի ողջ խստությամբ»:
Այսքանով ոչ թե թեման սպառվեց, այլ մենք հոգնեցինք շարադրելուց մերօրյա վերահսկիչների դիլետանտիզմը, իսկ իրականում՝ մանիպուլատիվ մեթոդով մանր քաղաքական դիվիդենտ վաստակելու ձգտումը։
Թվում է, թե իշխանության համար կարևոր է անուն հնչեցնելն ու վարկաբեկելը, ցույց տալը, թե ինչ եղել է մինչ այս, ապօրինություն է։ Իսկ թե դրանով ում են վնասում, ցույց է տալիս ՀՀ ներդրումային բումի և տնտեսական հեղափոխության մասին հայտարարությունների չարդարանալը։