01 11 2024

Առողջապահության նախարարության բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարության բյուջեն որոշակի առումով  խնդրահարույց է. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով` 2025 թվականի ՀՀ առողջապահության նախարարության հաստատված բյուջեն որոշակի առումով  խնդրահարույց է։

«Ցավոք սրտի, 2022 թվականին առողջապահության ծախսերը եղել են ՀՆԱ-ի 1.5 %-ի շրջանակներում, 2023 թվականին այն դարձել է 1.6 %, իսկ 2025 թվականի բյուջեով վերադարձել ենք 1.5 %-ի շրջանակներ։ Մենք կարծում ենք, որ որպես առաջնահերթություն, բյուջեն չի արտահայտում մեր դիրքորոշումը»,- ասել է Ավանեսյանը։

Նախարարը նաև հայտարարել է, թե անտեղի խնդիրներ են հարուցվում. կատարողականների հիման վրա բուժհիմնարկներին ֆինանսական միջոցներ հատկացնելը միջինում 2-3 ամիս է տևում. «Մենք, այնուամենայնիվ, ֆինանսավորում ենք ծառայությունների դիմաց, բայց որոշակի ժամանակային խզում ենք ունենում»։ Ըստ նախարարի՝ բյուջեի հայտի մեջ որոշակիորեն խմբավորել են ծրագրերը։

Նրա խոսքով` իրենք շարունակաբար աշխատելու են, որ և վերականգնեն կորցրած բյուջեն, և հավելյալ գումարներ տրամադրեն առողջապահությանը։

Ավելի վաղ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել էր, որ Առողջապահության նախարարության բյուջեն 2025 թվականին կլինի 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի բյուջեով նախատեսված գումարից:

Ըստ այդմ՝ ընթացիկ ծախսերով կլինի 3,5 տոկոսի նվազում, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 1,8 տոկոսի, այսինքն՝ 216 մլն դրամի ավելացում:

«2024 թվականի բյուջեով նախատեսված էր գումար առողջության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում հատկացման համար: Այսինքն՝ այս գումարը պետք է ծախսվեր առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում, և եթե այս գումարը հաշվի չառնենք, ապա 2025 թվականի բյուջեն 2024-ի նկատմամբ ավելացել է 12,7 մլրդ դրամով»,- նշել էր Հովհաննիսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ