ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Չնայած գործող իշխանությունների իբր աջակցության հայտարարություններին, Շիրակի մարզի ֆերմերներն այս տարի ևս կանգնած են բերքն իրացնելու լուրջ խնդրի առաջ։
Մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել։ Արտադրության ծախսերը չեն փոխհատուցվում վաճառքից ստացված եկամուտով և, հետևաբար, ֆերմերները փորձում են ամեն տարի կրճատել կարտոֆիլի ցանքատարածությունները:
Իրավիճակն ավելի է սրվում այն փաստով, որ ֆերմերների մեծամասնությունը չունի ժամանակակից ներքին ջերմաստիճանը վերահսկվող մշակաբույսերի համար նախատեսված պահեստարաններ, որտեղ բերքը կարող է մնալ մինչև ավելի լավ ժամանակներ: Ուստի, բերքահավաքից հետո մարզի ֆերմերները կարտոֆիլը փորձում են շատ արագ վաճառել։
Կարտոֆիլի արտադրությունը Հայաստանի և մասնավորապես Շիրակի մարզի ագրոարդյունաբերական համալիրի ամենաթույլ ոլորտներից է։ Փաստն այն է, որ կարտոֆիլը վերջին տարիներին կառավարության աջակցության առաջնահերթություն չի եղել. բազմամիլիարդանոց ներդրումներ և բյուջետային ներարկումներ են կատարվել լոլիկի, վարունգի, ելակի ջերմոցային արտադրության մեջ:
Այս ոլորտն այսօր գրավիչ չէ ներդրումների տեսանկյունից. իրացման գները վերջին տարիներին շատ ցածր են եղել, հսկայական ներդրումներ են պահանջվում, իսկ ոլորտի պետական աջակցությունը գրեթե բացակայում է։ Իրավիճակն այս ոլորտում բարդացնում է նաև համեմատաբար էժան իրանական կարտոֆիլի ներկրումը։ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության վերջին տվյալներով կարտոֆիլի ներմուծումն աճել է՝ կազմելով 5,8 հազար տոննա։
Կարտոֆիլի մշակումը շիրակցի շատ ֆերմերների համար միակ ապրելու միջոցն է և առանց պետական լուրջ աջակցության նրանցից շատերը պարզապես կսննկանան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը