20 11 2024

Ստեփանակերտի հուշահամալիրը՝ վտանգի տակ

Ստեփանակերտի հուշահամալիրը՝ վտանգի տակ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.orgկայքը գրում է.

«2024 թվականի նոյեմբերին ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվել են Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում տարբեր օգտատերերի կողմից արված տեսանյութեր: Հիմնվելով այս տեսանյութերի վրա՝ կարող ենք փաստել, որ հուշահամալիրը դեռևս կանգուն է, ավնաս են Արցախյան պատերազմի մասնակիցների, հերոսների, նշանավոր գործիչների շիրմաքարերը: Միաժամանակ  կոչեր են արվում ոչնչացնել այդ հուշահամալիրը: Նշենք, որ տեսանյութերի հեղինակներն առավելապես «շարքային» ադրբեջանցիներն են: Հուշահամալիրը ոչնչացնելու, վերափոխելու կոչերով, սակայն, առավել վտանգավոր են ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած լրատվականների հակիրճ տեսանյութերը և դրանք ուղեկցող գրությունները, որտեղ հնչում են այդ կոչերը:

2024 թվականի նոյեմբերի 17-ին ադրբեջանական թելեգրամյան ալիքներից մեկով, որ աչքի է ընկնում իր անհանդուրժողականությամբ, ագրեսիվ գրություններով,  բացահայտ քննարկվում էր «հայերի անօրինական կառույցները», ոչնչացնելու  հարցը:

Տեսանյութում երևում է, որ ադրբեջանական կողմը քերել է հուշարձանի հայերեն գրությունները: Ջնջվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 2015 թվականին կանգնեցված զանգակատուն-հուշարձանին կից պատի հայերեն գրությունը: Վերջինս Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից վերցված տողերն էին. ‹‹Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց»: 2015 թվականին կանգնեցված հուշարձանի ճարտարապետն է Վլադիմիր Սարգսյանը, ով հուշարձանը կառուցել է որպես զանգակատուն՝ ոգեշնչվելով Սևակի պոեմից:

Նշենք, որ սկսած 2020 թվականից, ադրբեջանական կողմը օկուպացված Արցախում առաջին հերթին ոչնչացնում է Հայոց ցեղասպանության և Արցախյան հերոսամարտերի հիշատակին կանգնեցված հուշարձանները»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ