Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ որ Քննչական կոմիտեում փակել են Փաշինյանի առանձնատան «2 միլիոն դոլարանոց» նորոգման չարաշահումների հիմքով հարուցված քրգործը: Ավելին, նրանք, ովքեր կառավարական դաչաների նորոգման փողերի ենթադրյալ գողության մեջ էին մեղադրվում, փաստորեն՝ արդարացվել են։ Ըստ մեր աղբյուրի, մի բան էլ ավելին, նրանց 1.5 տարվա աշխատավարձի գումար է փոխանցվել՝ որպես տուժողներ ու ժեստ է արվել վերադասից՝ առաջարկվել է մեկ այլ պաշտոն պետական կառավարման համակարգում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Ընդգծենք, այս աղմկահարույց կոռուպցիայի քրգործը կարճելու մասին չի եղել որևէ հաղորդագրություն:
Հիշեցնենք, «թավշյա հեղափոխական» Նիկոլ Փաշինյանը 3-րդ մասի իր բնակարանից հետո երբ ոտք դրեց Կոնդի կառավարական առանձնատներ, որոշեց պետական բյուջեի հաշվին այն ենթարկել հիմնանորոգման:
Մամուլն այդ ժամանակ գրեց՝ 2 մլն դոլար է ծախսվել Փաշինյանի կառավարական ապրելակերպն ավելի լավը դարձնելու համար, որը հետագայում Փաշինյանը փորձեց հերքել՝ ասելով, թե ընդամենը կոսմետիկ վերանորոգում է եղել։ Սակայն, այս պատմության ամենաաբսուրդը այն է, որ Արգիշտի Քյարամյանն է ի սկզբանե եղել Փաշինյանի առանձնատան նորոգման կոռուպցիոն սկանդալի բացահայտողը՝ որպես ՊՎԾ ղեկավար և այսօր հենց ինքն էլ, իր ձեռամբ, երկու տարի անց փաստացի «ջրել է» ՔԿ-ում քննվող քրգործը՝ արդեն Քննչական կոմիտեի նախագահի կարգավիճակում:
Մեր տեղեկությունով, քննությունն իշխանության համար բավականին ցավոտ դեպք է բացահայտել, որի նորմալ ընթացքի արդյունքում լինելու էին ՔՊ-ական մեղադրյալներ և իշխանական կուսակցության պաշտոնյաների կալանավորումներն անխուսափելի էին լինելու, ինչը վստահաբար չէր բխում Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերից, ուստի այս կերպ է գտնվել հարցի լուծումը:
Չմոոռանանք՝ մոտավորապես նույնը եղավ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի շուրջ կոռուպցիոն սկանդալից հետո, այս պատմությունը ևս սահուն կերպով մոռացության տրվեց ու հիմա ոչ ոք Դավիթ Սանասարյանի պատժի մասին չի խոսում:
Քննչական Կոմիտեից հաստատեցին Yerevan.Today-ի տեղեկատվությունը, բայց թե ինչ հիմքերով է կարճվել դաչաների քրգործը, երբ ու մեղադրյալների մասով ինչ որոշում կա, ՔԿ լրատվականից միայն ասացին․ «Հաստատում ենք, որ գործքը կարճվել է, այսքանն ենք ասում, բավարարվեք դրանով, լրացուցիչ տեղեկատվություն չենք տրամադրում»:
Բավարարվել, իհարկե, չենք կարող, ավելին, հարցերը էլ ավելի են շատանում։ Այդ ոքե՞ր են, ի՞նչ հանգամանքներ են, ո՞վ է հովանավորում, ի՞նչն է պատճառը որ այդ ամենը թաքուն է պահվում, որ ջրի երես դուրս չգա։
Ստացվում է, որ մի կոռուպցիոն գործին միանում է մյուսը, այս անգամ, արդեն, կարճման դրդելու, այդ ամենը հովանավորելու և ծածկադմփոց սարքելու և ի վերջո՝ հանցագործությունը «ջրելու» առումով։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը