«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն հերքում է ՊԵԿ–ի կողմից ընկերությունում բացահայտված› առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ հայտարարությունը։ Հերքման տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ՊԵԿ-ը զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածել ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում ‹‹բացահայտված››՝ հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում իբրև թե ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու, ինչպես նաև իբրև թե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ:
‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում փաստացի սկսել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համալիր ստուգում: Այնուհետև, 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ստուգման տևողությունը երկարաձգվել է 30 անընդմեջ աշխատանքային օրով: Համալիր հարկային ստուգումը ներկայումս փաստացի ընթացքի մեջ է և առ այսօր ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել:
Փոխարենը, առանց Ընկերության հետ քննարկելու կամ Ընկերությանը տեղեկացնելու, ՊԵԿ-ը մամուլով տարածել է միանգամայն անհիմն տեղեկատվություն:
‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն, տարիներ շարունակ լինելով Հայաստանի Հանրապետության առաջին խոշոր հարկ վճարողը մշտապես իր գործունեությունը ծավալել է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան՝ դրա արդյունքում ՊԵԿ-ից պարբերաբար ստանալով ‹‹Օրինապահ հարկ վճարողի›› հավաստագրեր:
ՊԵԿ-ի կողմից ներկայացված հրապարակման մեջ ներառված ‹‹համեմատական հետազոտությունները›› կատարված են ոչ համադրելի ժամանակաշրջանների և ոչ համադրելի մեծությունների հիման վրա, Ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որևէ ապացուցողական փաստ, ինչը, Ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների։
ՊԵԿ-ի նման գործելաոճը կարող է վտանգել Ընկերության ձեռք բերած գործարար համբավը և ձախողել Ընկերության բնականոն գործունեությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ընթացքում որդեգրել է հրապարակային գործելաոճ, Ընկերությունը միանգամայն ողջունում է նման մոտեցումը և ս.թ. նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ին ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքում հրավիրում է մամուլի ասուլիս: Միաժամանակ, նպատակ ունենալով զերծ մնալ նշված հրապարակմանն առնչվող հարցերի միակողմանի մեկնաբանությունից, ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն հրավիրում է նաև ՊԵԿ-ի համապատասխան մասնագետներին նշված ասուլիսին ներկա գտնվելու և իրենց ներկայացրած եզրահանգումները հանրությանը հիմնավորելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը