22 06 2018

Հայտարարություն են արել, թող հիմա ապացուցեն. «Էլիփս» ընկերության տնօրեն

Հայտարարություն են արել, թող հիմա ապացուցեն. «Էլիփս» ընկերության տնօրեն

Ոչ մի խախտում գոյություն չունի, պարզապես ոստիկանությունը շտապել է հայտարարություն անելու համար: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց «Էլլիպս Ջի Էյ» ընկերության տնօրեն Ալեքսան Զաքարյանը՝ անդրադառնալով հունիսի 21-ին Ոստիկանության տարածած հայտարարությանը, որ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերություններում կատարվել են հափշտակումներ:

«Մեզ չգիտես ինչու կապում են Սաշիկի հետ (նկատի ունի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը. խմբ.): Ուզում էին Սաշիկին պատժել, բայց ինչու մեր միջոցով, դա անհասկանալի է: Թե ինչ կապ ունենք մենք Սաշիկի հետ, դա նույնպես անհասկանալի է: Մեղսագրել են ամբողջ գումարը, որը 15 ամսվա ընթացքում «Սեքյուրիթի դրիմ»-ը վճարել է «Էլլիպս»-ին և պնդում են, որ այդ ամբողջ գումարի դիմաց ոչ մի բան «Սեքյուրիթի դրիմ»-ը չի ստացել, իսկ դուք փողոցներում չեք տեսել «Էլլիպս»-ի սպասարկումը, էդ ամբողջ կամերաների վրա «էլիպս»-ը գործ էր անում»- ասաց Ալեքսան Զաքարյանը:

Նրա խոսքով, ուզում են պարզապես ժողովրդին դուր գալ և հաճոյանալ, դա արել են իրենց միջոցով: Նա անդրադարձավ նաև տարածված այն լուրերին, որոնց համաձայն՝ շատ ավելի վաղ են ստուգումներն արվել, պարզապես ապացույցներ չեն ունեցել ցույց տալու համար, դրա համար էլ հետո են հանդես եկել հայտարարությամբ:

«Մի շաբաթ առաջ Ոստիկանությունը մտել է «Սեքյուրիթի Դրիմ»-ը ստուգելու: Նրանք մեզ հայտարարել էին, որ նման չարաշահումներ կան, մենք հակառակն էինք պնդում: Մենք ենթադրում էինք, որ եթե մեր ու իրենց կարծիքները չեն համընկնում, պետք է այլ գործողություններ արվեին, պետք է փորձեին մի բան ցույց տալ, ինչի ականտեսը եղանք, մի քանի օր առաջ, եթե չեմ սխալվում երկուշաբթի օրն էլ եկան «Էլիփս» ընկերություն՝ հատուկ գործողություններ անելու: Դա սպասելի էր մեր կողմից»:

Ընկերության տնօրենը նշում է, որ հայտարարությունը արվել է նույնիսկ առանց թղթերն ուսումնասիրելու: Միևնույն ժամանակ նա սպասում է հերքող հայտարարության, կամ ապացույցների:

«Հայտարարությունը արել են, դե թող ապացուցեն, մենք պատրասատ ենք: Առանց թղթերն ուսումնասիրելու հայտարարություն են արել, ոչինչ կուղղվեն: Այսօր հուսով եմ, որ մենք արդար դատավարական և իրավապահ համակարգ կունենանք: Թող այս վիճակը պարզվի, հետո կերևա մեր հետագա քայլերը: Հասկանալի է, որ նոր իշխանություն է, ինչ-որ սխալներ պետք է կատարեին, ոչ մեկ չի ծնվում կառավարիչ, ինչ որ սխալներ պետք է լինեին, հետո իրենց պահվածքից կերևա սա ներվում է, թե ոչ»,- եզրափակեց Զաքարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ