Ազգային Անվտանգության ծառայությունն օրերս հայտարարություն էր տարածել, որ Լոռու մարզի Տաշիր համայնքապետարանի տարբեր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետական միջոցների առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր են բացահայտվել։
Ըստ այդ հայտարարության՝ «Տաշիր համայնքի ղեկավարը տնտեսվարող սուբյեկտի հետ կնքել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, և փոխանցել է շուրջ 98 մլն ՀՀ դրամ, սակայն նշված ծառայությունը իրականում չի մատուցվել, այն փաստացի կազմակերպվել և իրականացվել է համայնքապետարանի աշխատակիցների ուժերով»:
Հարուցվել է քրեական գործ։
Այս առիթով փաստաբան Արմեն Ֆերոյանը նշում է․
«Խոսելով դատաիրավական համակարգում առկա արատավոր երևույթների բացասական ազդեցության մասին՝ պետք է հստակ շեշտադրել և իր կարևորությամբ առանձնացնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև այլ միջազգային իրավական ակտերով երաշխավորված անմեղության կանխավարկածի պարբերաբար ոտնահարման հանգամանքը:
Նման չարաշահումներից է ապատեղեկատվությունը, թե իբրև «Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք չարաշահումների արդյունքում կատարել են գումարների յուրացում»: Այս հրապարակման արդյունքում ոչ միայն խաթարվում է անմեղության կանխավարկածի վերոհիշյալ կարևորագույն սկզբունքը, այլ նաև արատավորվում է անձի բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը:
Բացի այդ, պետք է փաստել նաև այն, որ ըստ հիշյալ հրապարակման, «Տաշիր համայնքի ղեկավարը տնտեսվարող սուբյեկտի հետ կնքել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր, փոխանցվել է 98 միլիոն դրամ, սակայն նշված ծառայությունը իրականում չի մատուցվել»: Նշված ձևակերպումը դարձյալ չի համապատասխանում իրականությանը և անգամ դուրս է ողջամիտ տրամաբանության սահմաններից, քանի որ, եթե այդպես լիներ, ուրեմն Տաշիր համայնքը պետք է աղբի մեջ խրված լիներ, մինչդեռ անհերքելի փաստ է, որ Տաշիր համայնքը մշտապես առանձնացել է իր մաքրությամբ և օրեցօր գեղեցկացմամբ: Ավելին՝ բոլորովին վերջերս Տաշիր քաղաքը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության ամենաբարեկարգ և մաքուր քաղաքը:
Ինչ վերաբերում է նշված գումարի չափին, ապա պետք է ընդգծել, որ այն հատուկ ուռճացված կերպով է ներկայացվել հանրությանը և նպատակ է հետապնդում հանրությանը ոչ հավաստի տեղեկատվություն հրամցնելու, քանի որ այդ գումարը վերաբերում է երկու տարվա աղբահանության համար փոխանցված գումարներին, և եթե մենք բաժանենք ամիսների, ստացվում է Տաշիր համայնքի աղբահանության և սանմաքրման համար ամսական ծախսվել է ընդամենը մոտ 4 միլիոն դրամ գումար:
Այդ 4 միլիոն դրամի շրջանակներում մոտ 20 աշխատակիցների աշխատավարձի վճարման, ավտոմեքենաների վառելիքի և վերանորոգման ծախսերը կատարելու, ինչպես նաև օրենքով սահմանված հարկերը վճարելու պայմաններում ակնհայտ է դառնում, որ աղբահանության և սանմաքրման աշխատանքները կատարվել են ծայրաստիճան մատչելի գնով:
Ինչպես գիտենք, Տաշիր համայնքի կազմի մեջ են մտնում Տաշիր քաղաքը և թվով 8 գյուղերը, որոնք ևս սպասարկվել են հիշյալ գումարի շրջանակներում: Նշվածից ակնհայտ է դառնում, որ Տաշիր քաղաքի և թվով 8 գյուղերի աղբահանության և սանմաքրման համար օրական ծախսվել է մոտ 130,000 դրամ:
Բացի այդ, հարկ է ընդգծել նաև այն, որ նշված աշխատանքների կատարման պայմանագրի կնքմանը նախորդել է օրենքով սահմանված կարգով անցկացված հրապարակային էլեկտրոնային մրցույթի անցկացումը, որին մասնակցել է ընդամենը մեկ կազմակերպություն:
Այսպիսով, հարկ է փաստել, որ անմեղության կանխավարկածը ժողովրդավարական հասարակությունում քրեական դատավարության հիմնաքարն է և անձի ազատության ու անձեռնմխելիության կարևորագույն երաշխիքներից մեկը: Միաժամանակ, պետությունը, հանդիսանալով իր տարածքում իրավունքի առաջնային երաշխավոր, թե իրավական և թե բարոյական պարտականություն է կրում ապահովել դրա արդյունավետ իրացումը՝ պաշտպանելով այն ոչ միայն երրորդ անձանց ոտնձգություններից, այլ նախ և առաջ սեփական միջամտությունից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը