04 06 2018

Հասկանանք, որ փոխենք

Հասկանանք, որ փոխենք

Գրեթե մեկ ամիս է որ Հայաստանում աշխատում է նոր կառավարություն և վարչապետ: Անհրաժեշտություն է արդեն դառնում նոր իշխանությունների նախաձեռնությունները, գործողություններն ու վարքագիծը դիտարկելուց զատ՝ դրա մասին բարձրաձայնելը:

Ուրախալի է, որ և լրատվական կայքերում, և սոցիալական ցանցերում գովասանքի և ոգևորվածության խոսքերից բացի, կան բազմաթիվ մարդիկ, որոնք տրամաբանական գնահատականներ են տալիս՝ զերծ զգացմունքից ու գերագնահատումներից: Համաձայնեք, որ եթե չլինի սթափ դատողություն և նկատվող սխալների մասին բարձրաձայնում-զգուշացում, նոր իշխանությունները շատ արագ կվերափոխվեն հին իշխանությունների տեսակին:

Հին իշխանություններին էլ սկզբում /2008-2010թթ/ քննադատել չէր կարելի, հարձակվում էին՝ «թողենք աշխատեն» պատճառաբանությամբ, իսկ հետո արդեն քննադատելն անիմաստ էր, որովետև նրանք պարզապես չէին լսում: Այդ չլսելու արդյունք էին «էլեկտրիկ Երևան»-ը, ապրիլյան պատերազմը, Սասնա Ծռերը:

Նոր իշխանություններին սոցցանցերում իրենց կողմնակից համարող ընթերցողին, որ սվիներով է ընդունում ցանկացած քննադատական խոսք, ասենք՝ հարգելիս, ոչ ոք չի խանգարում իշխանությանն անել իր գործը, ընդհակառակը՝ մատնանշել թերացումները, ծագող խնդիրներն ու ոգևորված հանրությանն այս պահին անտեսանելի, բայց առկա բացասական երևույթները, դա էլ մեր գործն է, որը, կարծում ենք, նույն իշխանությունների՝ արդյունավետ գործունեության կարևորագույն նախապայմաններից է: Ցանկալի է որ դուք նույնպես միանաք, մատնացույց անեք խոսքի և գործի տարբերությունը:

Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում:

Նշանակումից անցել է մոտ մեկ ամիս, բայց, ցավոք, մի շարք հայտարարություներին որևէ նշանակալի բան չի հաջորդել:

Օրինակ` «Նորֆոլկ»-ի  հետ կապված բացահայտումները: Մեր տեղեկություններով, երեք ձերբակալվածներից երկուսին ազատ են արձակել, որ շարունակեն իրենց աշխատանքը, ազատ չարձակվածն էլ «աշխատում է տեղից», գրասենյակնել է գործում սովորական: Պատճառն այն է, որ այն խնդիրները, որոնց համար ստեղծվել էր այդ ընկերությունը, դեռևս ավելի արդյունավետ լուծում չունեն: Անմեղության կանխավարկածն էլ չի բացառում որ ընկերությունն ու ղեկավարը գործել են օրենքի դաշտում կամ թույլ են տվել ոչ այդ չափի թերացումներ: Ամեն ինչ հնարավոր է: Ստացվում է որ կարելի էր ստուգել, բացահայտել, այլ լուծում տալ, նոր բարձրաձանել կոնկրետ թերացումների մասին:

Հաջորդը՝ ԱԱԾ տնօրենի հնչեցրած 350 գործարարների թեման, որոնք չգիտեն որ գործարար են: Այսինքն՝ նույն Երևան-Սիթի-ի թեման է: Արդեն պարզվել է որ այն խնդիրները, որոնց համար ստեղծվել է հարկերի վճարման այդ մեխանիզմը, բոլորը գիտեին, համաձայնեցված էր ՊԵԿ ի հետ, իշխանությունների հետ, որ գյուղմթերքը հարկվելու է 2 տոկոսով՝ անհատների վրա գրանցելով Ա/Ձ-ներ, քանի որ այլ մեխանիզմ տվյալ պահին չկար: Բավականին մեծ աղմուկ, ստուգումներ, նյարդայնացած Սամվել Ալեքսանյանի տեսագրություն, փաստաթղթերի առգրավվումներ, մարդկանց հարցաքննություններ, գների թանկացում: Վերջում գները կարգավորվեցին, սուպերմարկետն էլ կառավարության հետ համաձայնության է եկել, որ օրենքով գործող 20 տոկոսի փոխարեն կվճարի 5 տոկոս հարկ՝ նախկին 2-ի փոխարեն: 

Այս դեպքն էլ հասկանում ենք նույն կերպ՝ թերևս, ավելի արդյունավետ լուծում չունեն, բացի դա էլ, մինչ հանրության մի հատված ցնծության մեջ էր, հունիսի 1-ին կառավարության որոշմամբ նույն Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը տրվեց սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն: Այսինքն՝ այդ աստիճանի հանցագործ էլ չեն:

Մյուսը. Վարչապետ Փաշինյանն Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին հայտարարությունը և այսուհետ բանակցելը միայն ՀՀ կողմից, ընկալվեց, թե՝ ԼՂՀ-ն պետք է միանա բանակցություններին, այլապես Փաշինյանը չի բանակցի: Սակայն խնդրի բարդություններից տեղյակ մարդիկ արդեն այն ժամանակ գիտեին որ թերևս, այս պահին ավելի արդյունավետ լուծում չկա, քան գնալ և բանակցել ունեցած ֆորմատով: Ի միջի այլոց, կառավարության ներկայացված ծրագրում արդեն այդ կետը փոփոխված է՝ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Արդեն ավելի իրատեսական ձևակերպում, սակայն՝ ոչ նոր և ոչ էլ՝ հեղափոխական:

Մյուսը. Մասիսի քաղաքապետի և տեղակալի ձերբակալումը: Սկզբից ձերբակալեցին խուլիգանության հոդվածով, և սկսվեց յուրօրինակ այդ արդարադատության տոնումը՝ ցնծություն սոցցանցերում, քաղաքապետին արդեն զոլավոր հագուստով ճաղերի հետևում պատկերող ֆոտոշոփային լուսանկարներ էին տարածվում՝ ի տես բոլոր խուլիգանների, թե՝ նրանց վերջը եկել է: 2 օր անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բաց թողնվեցին՝ ձերբակալումը ճանաչելով ապօրինի, իսկ կալանքի կիրառումը մերժելով: 

ԲԷՑ –ի պայմանագրի չեղարկում: Նորանշանակ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 30-ին հայտարարեց, թե՝ դադարեցվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» «Տաշիր» գրուպին 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրի ընթացքը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պատճառաբանում է, թե պայմանագրում կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը: «Տաշիր Կապիտալ» ընկերության արձագանքը չուշացավ: Բացատրեցին թե ԲԷՑ-ը, որպես շահույթի աղբյուր, իրենց հետաքրքրել չի կարող, իսկ բանակցությունների հիմնական շարժառիթը եղել է զուտ սակագնի վրա ունեցող ազդեցության մեղմումը: Նաև թվերով ներկայացրեցին թե իրենց անցնելու պարագայում որքան արդյունավետ կկառավարեն, օրինակ. ԲԷՑ-ի տարեկան ընթացիկ ծախսերը, որոնք կազմում են շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար, կկրճատեն 40%-ով, որի արդյունքում պետությունը տարեկան մոտ 3 մլն դոլար կշահի: «ԲԷՑ»-ը հանդիսանում է ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկը, որը 15 տարվա ոչարդյունավետ կառավարման արդյունքում 520 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրային պարտավորություն է կուտակել, որը հավասար է այսօրվա պետական պարտքի շուրջ 7%-ին և այլն: 

Շուտով, թերևս, կպարզվի, որ ԲԷՑ-երին այլ մասնավոր կառավարիչ է պետք, ու այդ կառավարչի սեփականատիրոջ անձի ով լինելը կարող է բոլորովին այլ պատմություն բացահայտել:

Մեկ այլ հանգամանք ևս. ՀՀ կառավարութան աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարում է, որ գործուղման ծախսերը կրճատվելու են. «Այսուհետ բոլոր ուղղություններով պատվիրակությունների կազմը պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ, որևէ մեկը շրջագայության նպատակով չի մեկնելու արտերկիր: Եթե փոխվարչապետը /նկատի ունի Տ.Ավինյանին/ էկոնոմ դասով է երթևեկում, նախարարները, բնականաբար, պետք է երթևեկեն նույն ձևով: Շատ ողջունելի կլիներ, եթե միաժամանակ մյուս` առաջին փոխվարչապետը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մայիսի 31–ին չմեկներ վարչապետի VIP ինքնաթիռով որը լրատվամիջոցների հաշվարկով ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստում։ Հետո էլ կարիք չլինի բացատրելու թե պետք էր, դժվար էր հասնելը, երկար էր ճանապարհը: Կարող էիք և չմասնակցել, կարող էիք այդքան մեծ պատվիրակությամբ և «լուսաբանող ներուժով» չմեկնել. ի՞նչ օգուտ պետությանը՝ բացի ծախսից:

Սա այն հարցն է որ, ի միջի այլոց, հենց այսօրվա իշխանության՝ նախկինում որպես ընդիմություն, ուշադրության կենտրոնում են եղել միշտ: Հիմա ստացվում է՝ ընդամենը մեկ ամիս և նո՞ւյնն է թե գործելաոճը, թե բացատրություններ տալու ոճը:

Նոր իշխանությունները պետք է հասկանան, որ պետությունը խաղալիք չէ, ու երբ դու իշխանություն ես, քո հայտարարոթյունները և գործողությունները բոլորովին այլ գին ու նշանակություն ունեն ու բոլորովին ուրիշ անուն: Կարող ես սխալ բան ասել` ու միսը կթանկանա, հետո ստիպված ես ինքդ գնալ խանութներով ու ստիպողաբար էժանացնել՝ արդեն անտեսելով ազատ շուկայական հարաբերություների կարևորագույն պարագան: Կարող ես քաղաքականապես չհաշվարկված բան ասել` ու արդյունքում ստանալ ոչ թե բանակցային ձևաչափի փոփոխություն, այլ չհասկացվածություն ԼՂՀ-ում և հակազդեցություն ՌԴ կողմից: Եվ այլն:

Ամեն դեպքում, արդեն անհրաժեշտություն է հայտարարություններ անելուց և գործելուց առաջ առաջնորդվել ժողովրդական՝ «յոթ չափիր, մեկ կտրիր» իմաստությամբ:

Ասել է թե՝ հասկացեք, նոր փոխեք, հարգելիներս:

Իսկ մենք պետք է արդեն Ձեզ հետևենք որպես իշխանություն և բարձրաձայնենք այն բոլորը, որը համարում ենք անընդունելի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ