01 06 2018

Եթե փոխվարչապետն էկոնոմ կլասով է երթևեկում, նախարարները պետք է երթևեկեն նույն ձևով. Էդուարդ Աղաջանյան

Եթե փոխվարչապետն էկոնոմ կլասով է երթևեկում, նախարարները պետք է երթևեկեն նույն ձևով. Էդուարդ Աղաջանյան

2017թ. ՀՀ կառավարությունը մոտ 270 մլն դրամ է ծախսել արտասահմանյան ուղևորությունների համար: Այս մասին խորհրդարանում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանն ասաց, որ գործուղման ծախսերը կրճատվելու են. «Այսուհետ բոլոր ուղղություններով պատվիրակությունների կազմը պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ, որևէ մեկը շրջագայության նպատակով չի մեկնելու արտերկիր»։

«Եթե փոխնախարարը էկոնոմ կլասով է երթևեկում, մյուս նախարարները, բնականաբար, պետք է երթևեկեն նույն ձևով»,– հավելեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Անդրադառնալով մայիսի 28-ի միջոցառումներին ՀՀԿ-ին հրավիրել-չհրավիրելու թեմային, Աղաջանյանն ասաց. «Այդ միջոցառումները կազմակերպված են եղել դեռևս նախորդ կառավարության օրոք: Ֆինանսավորման մի զգալի հատված արդեն տրամադրված է եղել, իսկ հյուրերի ցանկը կազմված է եղել 90 տոկոսով հանրապետական կուսակցության պատգամավորներով, մերձհանրապետական շրջանակի մարդկանցով, մարզպետներով, այնտեղ ներկայացվածության տրամաբանություն չկար։ Ուստի որոշեցինք, որ այդ տրամաբանությունը պետք է փոխվի և այդ օթյակներում ու պարտերներում ոչ այնքան տեղ գտնեն պաշտոնյաներ, որքան հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներ՝ ապահովելով առավելագույն ներկայացվածություն»։

Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ վարչապետի աշխատակազմը ուռճացված է եղել. «Բազմաթիվ անտրամաբանական եւ ոչ արդարացված ծախսեր են եղել, խոսքը ծառայողական ավտոմեքենաների, դիզվառելիքի կտրոնների մասին է։ Այն, որ մեր կառավարությունը գործելու է անհամեմատ ավելի արդյունավետ, միանշանակ է»:

Կառավարության աշխատակզմին սպասարկում է 110 ավտոմեքենա, որի 30 տոկոսը կկրճատվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ