Մայիսի 9-ին Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով` պատասխանելով արտասահմանյան և տեղական լրատվամիջոցների հարցերին: Փաշինյանը կարևորեց միջազգային հասարակական կազմակերպությունների ակտիվ համագործակցությունը Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության հետ: Փաշինյանը բացատրեց, որ ի վերջո մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները պետք է հոգ տանեն, աջակցեն Արցախի Հանրապետությանը՝ մարդու իրավունքների, հանրային երկխոսության զարգացման իմաստով, այդ թվում նաև Արցախի և Ադրբեջանի հանրության հետ երկխոսության խողովակներ ստեղծելով:
Իսկ թե ինչ քայլերի շնորհիվ պետք է հասնեն Արցախի միջազգային ճանաչմանը, Փաշինյանը նշեց, որ խնդիրն Արցախի խնդրի էությունը միջազգային հանրությանը ներկայացնելն է։ «Մենք կարծես թե երկար բանակցային տարիների ընթացքում ինչ-որ մի տեղ համարել ենք, որ միջազգային հանրության համար շատ պարզ է Արցախի խնդիրը, բայց այդքան կարևոր չենք համարել խնդրի էության ներկայացումը: Կարևոր է նոր ջանքեր գործադրել խնդրի էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար, մանավանդ երբ ապրիլյան պատերազմին Ադրբեջանի ԶՈւ-ն վայրագություններով աչքի ընկավ, և սա մի ժամանակահատվածում արտահայտված դրսևորումներ չեն:»,-ասաց նա:
Փաշինյանը խոսեց նաև Հայաստանի և Արցախի հետագա հարաբերությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե ամեն ինչ անելու է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար, իսկ թե ինչ քայլերի շնորհիվ, պատասխանեց.
«Պետք է հստակ պատասխանել հարցի, ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե՞ չենք ուզում։ Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղյան հարցը, անտրամաբանական է հարցը քննարկել մի ֆորմատով, որում այն չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային ֆորմատը լուծել մի հարցը, որի առանցքային մասնակիցներից մեկը մաս չէ։ Այսինքն՝ սա էմոցիաների խնդիր չէ, պրագմատիկ խնդիր է՝ լուծո՞ւմ ենք, թե ոչ: ՀՀ անունից կարող է խոսել ՀՀ իշխանությունը, ՀՀ-ն հակամարտության կողմ է, և լիարժեք կխոսի իր անունից, իսկ Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախը»,-ասաց նա: Փաշինյանը նշեց, որ հայկական կողմերը խաղաղ հանգուցալուծման կողմնակից են: Փոխզիջումների հարցով վարչապետն ասաց, որ քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը, Սևանը գրավելու մասին, փոխզիջումների մասին խոսք լինելն անիմաստ է: «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որը Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-ասաց նա: Պատասխանելով դիտարկմանը, թե ՀՀ նորընտիր վարչապետը շնորհավորանքներ է ստացել գերտերություններից՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, սակայն նրան չեն շնորհավորել ՀՀ 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահները՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե դրանք միջպետական հարաբերություններ են, և ճիշտ չէ նույն հարթության վրա դնել այդ հարցերը:
Հրավիրված ասուլիսին պատասխանելով հարցին, թե ազգային համաձայնության կառավարությունը որքանո՞վ է իրատեսական, որի մասին ցանկություն հայտնել էին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ համաձայնության կառավարությունն ավելի ճիշտ ձևակերպում է: «Բոլոր խորհրդարանական ուժերի հետ կսկսենք քննարկումներ, որի արդյունքում կձևավորվի կառավարություն»,-ասաց նա: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին, նա ընդգծեց, որ ուրախ է, որ ժողովրդական ճնշման ներքո հրաժարական տված Սերժ Սարգսյանը մինչ այսօր գտնվում է Հայաստանում: Փաշինյանն ասաց, որ իր կարծիքով՝ մեր կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի դիմումը՝ առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ:
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրին:
«Համաձայնագիրը կարևոր ենք համարում և հույս ունենք, որ այն ԵՄ երկրներում առավելագույնս արագ կվավերացվի»,- նշեց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը