30 05 2018

Գազի և էլէներգիայի սակագների վերանայման քննարկումներ են մեկնարկել

Գազի և էլէներգիայի սակագների վերանայման քննարկումներ են մեկնարկել

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ քննարկումներ է սկսել գազի և էլէներգիայի սակագների իջեցման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին լրագրողներին ասաց նախարար Արթուր Գրիգորյանը:

Նախարարն ասաց, որ երկու օրվա ընթացքում կավարտվի քննարկումները և արդյուքնների մասին կհայտարարվի:

Նախարարն ասաց, որ էլէներգիայի սակագինը վերանայվում է օրենքով սահմանված կարգով՝ 6 ամիսը մեկ անգամ, այսինքն՝ հնարավոր է իրականացնել օգոստոսին:

 

Արթուր Գրիգորյանը, ի պատասխան մամուլում հրապարակումների, ասաց, որ գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները չեն վերանա: «Ես ինքս տեղյակ չեմ: Այս պահին նման քննարկումը հնարավոր չեմ համարում»,- ասաց նախարարը:

 

Անդրադառնալով սննկացած «Նաիրիտ» գործարանի գույքի վաճառքին, նախարար Գրիգորյանը հայտարարեց, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել գույքի աճուրդը դադարեցնելու մասին:

Մայիսի 29-ին, նախարարությունում համակարգող խմբի հետ ունեցել են քննարկումներ:

«Այդ թվում քննարկել ենք «Նաիրիտ»-ի հետագա գործարկման ծրագրերը: Այս պահին արդեն այդ ծրագրերով կան հետաքրքրված միջազգային կազմակերպություններ, որոնք շուտով կժամանեն Հայաստան և կանցկացնեն տեխնիկական աուդիտորական աշխատանքներ, կունենանք համապատասխան եզրակացություն»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

 

Անդրադառնալով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի շուրջ առաջ եկած խնդրին, Արթուր Գրիգորյանն ասաց. «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր» գրուպին, բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը»:

Նախարար Գրիգորյանը բացարձակ սուտ համարեց տեղեկությունները, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է փորձում ձեռք բերել ԲԷՑ-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ