19 05 2018

Շուտով կբացահայտվեն խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով. ԱԱԾ տնօրեն

Շուտով կբացահայտվեն խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով. ԱԱԾ տնօրեն

«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներ չկան։ Սուտ լուր է: Ես պաշտոնապես հերքում եմ այդ տեղեկությունը: FBI-ը կարող է ԱՄՆ-ում  հետաքննություն իրականացնել՝ այնտեղ տարբեր մարդկանց ունեցվածքի հետ կապված, սակայն Հայաստանում նման բան չկա»,- լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե Հայաստան են ժամանել FBI խմբի քննիչները և հետաքննություն են իրականացնում Հայաստանից ԱՄՆ տեղափոխված ապօրինի գումարների մասով:

Միաժամանակ, ԱԱԾ տնօրենն ասաց, որ Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում. «Շուտով կբացահայտվեն խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով: Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրենց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր։ Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն, ոչ թե գնան բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ»:

ԱԱԾ տնօրենը նաև ասաց, որ ավանդական կոռումպացված հիմնարկներ համարվող մաքսային, հարկային, դատական, ոստիկանական որոշ ծառայություններ ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ