Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա «Լազարյան ակումբ»-ի երկրորդ համաժողովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաժողովը կկայանա մարտի 5-6-ը և կկրի «Էկոնոմիկա, ներդրում, ինտեգրացիա. Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները» անվանումը:
Մոսկովյան երկրորդ համաժողովի շրջանակներում տեղի կունենա միջազգային գիտական-գործնական սեմինար «Ռուսաստանը և Հայաստանը. Տնտեսական փոխգործակցությունը նոր աշխարհաքաղաքական իրողություններում» թեմայով: Զեկույցի պատրաստմանը ներգրավված են առաջատար տնտեսագետներ, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի գործարար մարդիկ, պատկան նախարարությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, առաջատար ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բիզնեսով են զբաղվում Հայաստանում: Համաժողովի երկրորդ օրը ակումբի անդամները կներկայացնեն Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցության տարբեր ոլորտների վերաբերյալ իրենց առաջարկները և նախագծերը, իսկ «Ազատ հարթակ»-ի շրջանակում խոսքի իրավունք կտրվի բոլոր ցանկացողներին:
«Լազարյան ակումբ»-ի երկրորդ համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարներն ու մշտական համաժողովների նախագահները, ռուս խորհրդարանականներ, գիտնականներ և բիզնեսմեններ:
Համաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տոհանյանը, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում կայացել էր «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը, որին մասնակցել և ելույթ էր ունեցել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը