Քաղաքագետ Բենիամին ՄաթևոսյաննAlpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Չնայած Նիկոլ Փաշինյանի կերպարի փոփոխությանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն հրաժարվում «Զանգեզուրի միջանցք» նախագծից։ Եթե ավելի լուրջ խոսենք, ապա չնայած ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ հաղորդակցությունների հարցը դուրս է բերվել «խաղաղության պայմանագրի» բանակցություններից, ակնհայտ է, որ Բաքուն և Անկարան շուտով կվերադառնան ոչ միայն այս թեմայի քննարկմանը, այլև կարող են նախաձեռնել այլ, ավելի տհաճ գործընթացներ։
Սա հետևում է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուի հայտարարություններից։ Նախօրեին Էրդողանի կառավարության պաշտոնյան հայտարարեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է։
«Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացները ադրբեջանական կողմի հետ։ Թե որտեղով է անցնելու միջանցքը՝ Հայաստանի, թե Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այս միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա։ Թուրքիայում մենք ավարտեցինք մեր նախագիծը, անցկացրինք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է նախարարը։
Ի՞նչ են նշանակում այս հայտարարությունները «ռեալ պոլիտիկում» և «գետնի վրա» Հայաստանի համար։
1. Չնայած հաղորդակցությունների թեման դուրս է բերվել «խաղաղության պայմանագրի» բանակցություններից, «միջանցքի» նախագիծը ակտիվորեն զարգանում է։ Բաքվից հետո իրական ներդրումներ նախագծի ենթակառուցվածքներում սկսել է իրականացնել Անկարան։
2. Սա իր հերթին նշանակում է, որ եթե անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի Էրդողանի միջնորդությամբ, դրանից անմիջապես հետո կարող են սկսվել ոչ պակաս հոգնեցուցիչ ու բարդ բանակցություններ կոմունիկացիաների հարցի շուրջ։ Եվ ոչ թե տարածաշրջանային ապաշրջափակման մասին (Հայաստանը կորցրեց այս շանսը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի կատարումից հրաժարվելով), այլ ավելի շուտ՝ «թուրքական միջանցքի» բացման մասով։
3. Եթե թուրք նախարարի հայտարարություններին ավելացնենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, որոնցում նա կոչ էր անում «վերջ տալ Հայաստանի ռազմականացմանը», ինչը նշանակում էր կոչ անել ՀՀ-ի ապառազմականացման, ակնհայտ է, որ Բաքուն և Անկարան կպահանջեն ոչ միայն «ՀՀ տարածքով անցնելու պարզեցված մաքսային ռեժիմ», այլև կպահանջեն, որ «բեռների և ուղևորների անվտանգությունն» ապահովեն իրենք։ Քանի որ դա չի կարող անել ռազմական ներուժից զրկված Հայաստանը։
4. Ավելացրեք նաև ռուսական զորքերի դուրսբերման տեմպերը Հայաստանի տարբեր հատվածներից, Անկարայի ակնհայտ պահանջը՝ ռուս սահմանապահների դուրսբերման մասով հայ-թուրքական սահմանից, ապա պարզ կդառնա, որ «միջանցքով» գործը չի սահմանափակվի։ Ավելին, եթե վերը նշվածը տեղի ունենա (միջանցքի բացում, հաղորդակցությունների վերահսկողություն ՀՀ տարածքով Թուրքիայի կողմից, ռուսական զորքերի դուրսբերում հայ-թուրքական սահմանից և անցակետերից), ապա պարզ կդառնա, որ ՀՀ իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի Թուրքիայի «Հայաստանի անվտանգության երաշխավոր» դառնալը այլընտրանք չունենա։
Միայն այդպիսի Հայաստանում Նիկոլ Փաշինյանը կարող է ունենալ թեկուզ նվազագույն շանսեր իր «քաղաքական կարիերան» շարունակելու համար։
Մտածե՛ք այդ մասին…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը