01 12 2018

Լազարևյան ակումբի նիստը՝ Ուղիղ հեռարձակմամբ



Երևանում՝ Մարզահամերգային համալիրում, շարունակվում է և օրվա երկրորդ կեսին կավարտվի «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը։

Այն կրում է «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն» խորագիրը։

«Լազարևյան ակումբը» կոչվել է հռչակավոր հայ բարեգործներ Լազարյանների ընտանիքի, արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հիմնադիրների անունով, նոր ոչ պաշտոնական, ազատ և մշտապես գործող հարթակ է Ռուսաստանի և Հայաստանի հասարակությունների հանդիպումների և կարծիքների փոխանակման համար:

Ակումբի նախաձեռնողները՝ երկու երկրների հայտնի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, ձեռներեցներ և հասարակական գործիչներ, իրենց հիմնադիր ուղերձում հայտարարել են.

«Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Հայաստանը պետք է ուժեղ լինեն, որպեսզի հաղթահարեն իրենց կայուն զարգացմանը սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերները: Պատահական չէ, որ անկախության բոլոր փուլերում Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց աջակցել են, որի հաստատումն է համատեղ անդամակցությունն ԱՊՀ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Նման իրավիճակում արգասաբեր ու արդյունավետ կարող են լինել միայն համատեղ, երկկողմանի ու բազմակողմանի գործողությունները:

«Լազարևյան ակումբն» իր աշխատանքը կվարի հրապարակային և բաց՝ Ռուսաստանում ու Հայաստանում հանդիպումների, «կլոր սեղանների» և հանրային լսումների ճանապարհով: Հույս ունենք, որ Ակումբում հանդիպումները կօգնեն հետագա կառուցողական աշխատանքի դրական տրամադրվածության ձևավորմանը՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների փոխվստահության և դաշնակցային փոխգործակցության ամրապնդման, Մեծ Կովկասի ամբողջ տարածաշրջանում անտանգության և կայունության ապահովման շահերի շրջանակում»:

Նոյեմբերի 30-ի նիստին մասնակցում էր և ելույթ ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանի ու հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխելու ուղիղ կամ անուղղակի կոչերը, անգամ կյանքի չկոչվելով, նշանակալի վտանգ են պարունակում: Սոցիալական կայքերն ու բլոգերն այսօր մեծ հնարավորություն են տալիս ուղղորդելու հասարակական կարծիքը»,– ասաց երկրորդ նախագահը՝ նշելով, որ այս ամենը երկու երկրների հասարակությունների միջև անվստահություն է առաջացնում ու քայքայում տարիների կապերը։

«Հատկապես միջպետական հարաբերություններում մենք պետք է ընկալելի, կանխատեսելի, վստահելի ու միմյանց կարիքն ունեցող գործընկերներ լինենք։ Պետությունների միջև բարեկամական հարաբերություները միայն երկու երկրների հետաքրքրությունների համընկումը չէ, այլ պետական հետաքրքրությունների ու մարդկային գործոնի խորը գիտակցության համադրությունը»,– ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նշեց, որ աշխարհի քարտեզի վրա չկա հայ-ռուսական հարաբերությունների խորությունն ունեցող այլ երկու երկրների համանման օրինակ.

«Այս հարաբերությունները մենք ժառանգել ենք ու պետք է ամենօրյա ջանքեր գործադրենք դրանց պահպանման ու զարգացման համար»,– ասաց նա:

Ուշագրավ է, որ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ նոյեմբերի 30-ի նիստին չէր մասնակցում։ https://yerevan.today/all/politics/24681/incho-hayastani-ishkhanutyunnery-chen-masnakcum-hay-rusakan-qnnarkmany Դեկտեմբերի 1-ի նիստին նախատեսվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությունն ու ելույթները, իսկ կառավարության որևէ ներկայացուցիչ չի լինելու։

Առաջին մասը ամբողջությամբ՝ այստեղ։ 

Երկրորդ մասը ամբողջությամբ՝ այստեղ։ 

Առաջարկում ենք նիստը դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ