15 05 2022

Ես հատուկ զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին․ Իշխան Սաղաթելյան



Հատված՝ Իշխան Սաղաթելյանի՝ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 15-ի ելույթից․

 «Ես հատուկ զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին՝ դրանց անունները ձեզ հայտնի են։ Եթե ուշքի չգաք, եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու։ Հերիք է ֆինանսավորեք ֆեյքերի ֆաբրիկաները, նպաստեք դավաճան իշխանության մնալուն, ամեն ինչ գիտենք և տեսնում ենք, եթե այդպես շարունակեք հատ-հատ պատասխան եք տալու։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս իշխանությունն աղետաբեր է Արցախի և հայության համար։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն:

Ի՞նչ իշխանություն է մեզ պետք։

Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման ընթացքը, կապահովի սահմանների անձեռնմխելիությունը, կիրագործի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ, արդար, բարեկեցիկ երկիր։

Սիրելի՛  հայրենակիցներ

Մեզ պետք է պոպուլիզմին, ստին, պարտվողականությանը, քաոսին այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի անցյալի դրականը, կմերժի բացասականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանության սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու լուծումներ, կտա ապագայի տեսլական։

Մեզ պետք է պատասխանատու իշխանություն։

Պոպոլիզմը քանդում է երկիրը։ Հանրահայտ ճշմարտություն է, որ օրվա իշխանությունները ամբոխավարներ-պոպուլիսներ են: Պրոֆեսիոնալ պոպոիլիստներ։ Այնպիսիք, որ կարողացան խաբել ոչ միայն մեր հազարավոր ազնիվ քաղաքացիներին, այլև քաղաքական գործիչներին: Մենք այսօր քաղում ենք պոպուլիզմի դառը արդյունքները։ Մենք գերադասեցինք քաղցր խոսքը կոշտ ու տեղին դիտողությունից, մենք գերադասեցինք ամենաթողությունը՝ ուժեղ պետությունից, մենք գերադասեցինք լավ ապրելու սուտ  խոստումները անվտանգությունից ու կայունությունից։

Պոպուլիստ իշխանությանը հետաքրքիր է միայն իր վարկանիշը, իր աթոռը։ Նրանք առաջնորդվում են «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։

Սիրելի ժողովուրդ, պոպուլիստներն աշխարհի ոչ մի երկրում երկար կյանք չունեն։ Պոպուլիստները վերջում ամեն ինչի համար մեղադրում են ժողովրդին։ Ու քանի որ պոպուլիստները դատապարտված են, նրանք կա՛մ շատ արագ անցնում են ավտորիտար ռեժիմ ձևավորելուն, կա՛մ ստիպված են լինում իշխանությունը զիջել հավասարակշիռ,  իրապես ժողովրդավար ուժերի։ Հիմա մենք տեսնում ենք, որ Նիկոլը փորձում է գնալ առաջին ճանապարհով։ Թու՞յլ ենք տալու, որ երկիրը վերածի բռնատիրության։ Թու՞յլ ենք տալու իր կամքը թելադրի մեր ժողովրդին։ Իհարկե՝ ոչ։ Դա բացառված է։ Բացառված է նաև այն պատճառով, որ այսօր այս հրապարակում դուք պինդ կանգնած եք։ այստեղ կանգնած է Հայաստանի արժանապատիվ քաղաքացին։ Քաղաքացին, որը երազանքներ ունի և պատրաստ է պայքարել իր ու իր սերունդների համար։ Ուժեղ պետականության համար։

Մեր խնդիրը շատ պարզ ու հստակ է՝ օր առաջ, ժամ առաջ ձևավորել առանց Նիկոլ Հայաստան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ