ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«ՀՅԴ Հայ դատի գրասենյակները շարունակում են աշխարհին ներկայացնել իրականությունը։
Այսպես՝ COP29-ին ընդառաջ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, համաժողովին մասնակցող ութ հարյուրից ավելի միջազգային կազմակերպություններ, համալսարաններ, ակադեմիականներ իրազեկվում են Ադրբեջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին ու բնապահպանական ոլորտին։
Զուգահեռ տարված աշխատանքների արդյունքում` ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շուրջ 60 անդամներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և սենատոր Էդ Մըրքիի նամակին՝ կոչ անելով ԱՄՆ իշխանություններին COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, ապօրինի պատանդառության, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման համար։
Տարբեր երկրներում գործող ՀՅԴ Հայ դատի գրասենյաները COP29-ի գագաթնաժողովին ընդառաջ ջանք չեն խնայում Ադրբեջանի վրա ճնշման ավելացման գործում՝ որպես առաջնային նպատակ ունենալով Բաքվի բանտերում պահվող գերիների հայրենիք վերադարձի հարցը։
Պատահական չէ, որ այս օրերին Ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել՝ դարձյալ թիրախավորելով Դաշնակցությանը և Հայ դատի գրասենյակների պատասխանատուներին։
Պատահական չէ, որ այս օրերին նույն հռետորաբանությամբ և նույն թեզերով Հայաստանի գործող իշխանությունները և նրանց սպասարկող մամուլը պայքարում են ազգային շահերով առաջնորդվող բոլոր անհատների և կառույցների նկատմամբ։
Անկախ այս փաստերից, ՀՅԴ-ն շարունակելու է արդարության վերականգնման և հայկական շահերի պաշտպանության համար մղվող պայքարը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը