Հարյուր երկու տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը:
Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։
1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):
Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն:
1992 թվականից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր:
Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակների հիշատակը, որոնք 1918թ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր:
Մայիսի 28-ին կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված Սարդարապատ տրանսպորտային միջոցների եւ մարդկանց մուտքն արգելված է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը