30 05 2024

Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները դադարեցնեն հալածանքներն ու բռնությունները Եկեղեցու հանդեպ․ Եպիսկոպոս Մանուկյան

Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները դադարեցնեն հալածանքներն ու բռնությունները Եկեղեցու հանդեպ․ Եպիսկոպոս Մանուկյան

«Խոր ցավով եմ գրում՝ արտահայտելու իմ և  շատերիս մտահոգությունն ու վրդովմունքը մայիսի 28-ին՝ համայն հայության համար նվիրական այդ օրը, Հայաստանում՝ Սարդարապատի հուշահամալիրում, տեղի ունեցած մերժելի և դատապարտելի դեպքի կապակցությամբ»,- գրել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը։

Հիշեցնելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբին ոստիկանները խոչընդոտել էին մուտք գործել Սարդարապատի հուշահամալիր՝ նշել է, որ  Հայոց Հայրապետն ու հոգևորականները գալիս էին այս սուրբ վայր՝ աղոթելու մեր հայրենիքի բարօրության համար, ոգեկոչելու 1918 թվականի հերոսամարտերի հայ նահատակների հիշատակը։

«Սարդարապատում տարած հաղթանակը, որը տոնում է ողջ հայ ժողովուրդը, մեր միասնության, հաղթանակների, զարթոնքի խորհրդանիշն է։ Բազմաթիվ հայ հոգևորականներ են մասնակցել այդ հաղթանակի կերտմանը, իրենց կյանքն են ընծայաբերել հայրենիքին։

Ե՛վ խորհրդային տարիներին, և՛ ՀՀ անկախության ողջ ընթացքում չի եղել դեպք, որ մայիսի 28-ին Հայաստանի որևէ քաղաքացու արգելեն այցելել Սարդարապատի հուշահամալիր՝ անկախ նրանից, թե այդ պահին ով է եղել այնտեղ։ Սա ներառում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցերը, ում վերջին այս այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին։

Ցավոք, սա առաջին անգամը չէ, որ նման դեպք է տեղի ունենում։ Հասկանալի է, որ սա Հայաստանում դարձել է քաղաքականություն, որն այլ ինչ է, եթե ոչ հալածանք և բռնություն հայ եկեղեցու ու նրա գահակալի հանդեպ: Ոստիկանության անընդունելի և դատապարտելի պահվածքն անպատվություն է ողջ քրիստոնյա հայերի և միլիոնավոր հայ հավատացյալների համար։

Մենք հորդորում ենք ձեզ՝ հավատացյալներին և մեր համայնքի անդամներին, միանալ մեզ՝ դատապարտել այս քայլը: Շատ կարևոր է, որ մենք միասնական լինենք՝ պահանջելու, որ պատասխանատվության ենթարկվեն արարքը կատարողները: Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն հալածանքներն ու բռնությունները Հայ Եկեղեցու հանդեպ։

Լինենք միասնական՝ պահանջելու, որ նման մերժելի արարքները հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Ձեր բողոքի ձայնը էական է արդարության և մեր սուրբ ավանդույթների ու իրավունքների պահպանման համար»,- գրել է Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ