29 05 2024

Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու արարքը ոտնձգություն է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ. հայտարարություն

Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու արարքը ոտնձգություն է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ. հայտարարություն

ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը․

«ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ մասնակցությամբ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի,

խորհրդի անդամներ Էմին Բեգլարյանը, Պավել Գյուլումյանը, Մանե Կարապետյանը, Ռուբեն Հակոբյանը, Արսեն Հարությունյանը, Հարություն Հարությունյանը, Լիլիթ Ղազանչյանը, Կարեն Մեժլումյանը, Կարեն Սարդարյանը, Մարինե Ֆարմանյանը՝ քննարկելով Հանրապետության տոնին՝ 2024 թվականի մայիսի 28-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Մայիսյան հերոսամարտը խորհրդանշող Սարդարապատի հուշահամալիր ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունները,

Հիմք ընդունելով հանրային աղբյուրներում տարածված տեսանյութերը,

Հաշվի առնելով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, որը ճանաչված է նաև Սահմանադրության 18-րդ հոդվածով,

Նկատի ունենալով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր առաջնորդը,

Արձանագրելով նույնիսկ «Պետական արարողակարգի մասին» օրենքով Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերապահված առանձնահատուկ կարգավիճակը,

Զերծ մնալով որևէ քաղաքական գնահատականից,

Դիտարկելով Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու արարքը ոտնձգություն Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես ազգային արժեքի հեղինակության նկատմամբ,

Անընդունելի համարելով Հանրապետության տոնին ազգային նշանակություն ունեցող խորհրդանշական կառույց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելը,

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Հանրապետության տոնին Մայիսյան հերոսամարտը խորհրդանշող Սարդարապատի հուշահամալիր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտելը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ