02 09 2024

Արցախի Հանրապետության անկախության օրը՝ հայաթափված ու հանձնված Արցախով

Արցախի Հանրապետության անկախության օրը՝ հայաթափված ու հանձնված Արցախով

Սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության օրն է։ 33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի էր ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել հանրաքվե, որը հաստատել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

1991-ի դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992-ի հունվարի 8-ին տեղի ունեցավ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը։ 2024-ին հայ ժողովուրդն Արցախի անկախության օրը նշում է երկրորդ հանրապետությունից հեռու։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ որևէ քայլ չեն ձեռնարկի՝ պատերազմի մեջ չներքաշվելու համար։

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։ Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ