09 07 2024

Հնդկաստան-Ռուսաստան ջերմ հարաբերությունները մտահոգել է ԱՄՆ-ին

Հնդկաստան-Ռուսաստան ջերմ հարաբերությունները մտահոգել է ԱՄՆ-ին

Հուլիսի 8-ին Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդին այցով ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովին։

«Երբ նշվում է «Ռուսաստան» բառը, յուրաքանչյուր հնդիկի մտքին եկող առաջին բանն այն է, որ Ռուսաստանը Հնդկաստանի ուղեկիցն է և՛ երջանկության, և՛ տխրության պահերին: Ռուսաստանը Հնդկաստանի իսկական բարեկամն է: Ռուսաստանում երբեմն ջերմաստիճանը զրոյից ցածր է լինում, սակայն Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ջերմաստիճանը միշտ բարձր է: Ռուսաստանը Հնդկաստանի հուսալի բարեկամն է ցանկացած եղանակին»,- ասել է Մոդին տեղի հնդկական համայնքի հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ-ն այս առիթով իր մտահոգությունն է հայտնել Հնդկաստանին:  

«Հնդկաստանն ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, որի հետ մենք լիակատար և անկեղծ երկխոսություն ենք վարում, ուստի ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել Նյու Դելիին՝ Մոսկվայի հետ հարաբերությունների կապակցությամբ։ Ես կառաջնորդվեմ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրապարակային հայտարարություններով՝ հասկանալու համար, թե ինչի մասին է նա խոսել Մոսկվայում։ Վաշինգտոնը հույս ունի, որ Ռուսաստանի հետ համագործակցելիս Հնդկաստանը և ցանկացած այլ երկիր Ռուսաստանին կհասկացնեն, որ նա պետք է հարգի ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ