ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է ՌԴ ՊՆ երեք բարձրաստիճան պաշտոնյայի դեմ նախապատրաստվող ահաբեկչության կանխման մասին. այս գործով Մոսկվայում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել։ Հետախուզության տվյալներով՝ նա գործել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ցուցումներով, գրում է kommersant.ru-ն։
Ձերբակալությունից հետո տղամարդն ինքն է խոստովանել, որ 2024 թվականի մայիսին հավաքագրվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության կողմից։
«Ձերբակալվել է 1994 թվականին ծնված ՌԴ քաղաքացին, որն Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության հանձնարարականով սուրհանդակային ծառայությունների միջոցով կազմակերպել է նվերների փաթեթավորման մեջ քողարկված երեք հզոր պայթուցիկ սարքի առաքում»,- ասվում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդագրությունում։
Քողարկված ռումբերը պետք է առաքվեին ՊՆ վարչությունների ղեկավարների հասցեներով։ Ձերբակալվածը ծրագրել էր պայթեցնել ռումբերն այն բանից հետո, երբ առաքիչները հայտնեին առաքման մասին։
ՌԴ Քննչական կոմիտեն տղամարդու դեմ գործ է հարուցել ահաբեկչության փորձի և պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության համար։ Կազմակերպիչներն ու հանցակիցները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ, հետախուզման մեջ են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը