Հուլիսի 4-ին Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը: Արդեն երկրորդ տարին է, ինչ այն համախմբում է հայ և օտարերկրյա նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում:
Փառատոնի շրջանակներում՝ հուլիսի 4-ից 18-ը կազմակերպվել է հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ աշխատարաններ և վարպետության դասեր։ Համերգներն անցկացվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվ․ երգեհոնի դահլիճում։ Վարպետության դասերին մասնակցում են շուրջ 40 շնորհալի պատանի երաժիշտներ Հայաստանից, ինչպես նաև երաժշտությամբ զբաղվող կապանցի երեխաներ։ Լավագույն ուսանողները փառատոնի ավարտին ստանալու են դրամական պարգևներ և կրթաթոշակներ Miaseen.org և MG Concerts կազմակերպությունների կողմից։
Այս տարի մասնակցող պրոֆեսիոնալ երաժիշտների նոր անունների շարքում են դաշնակահար Ժուլիեն Լիբերը Բելգիայից, ջութակահար Էլլի Սուն Միացյալ Թագավորությունից, թավջութակահար Դենիս Սևերինը Շվեյցարիայից, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանն Իսպանիայից, թավջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից, երաժիշտ Մարիուս Պրեդան Հունգարիայից, երգեհոնահար Իրինա Ռոզանովան Ռուսաստանից, ջազ երաժիշտ Արթուր Սաթյանը և այլն։ Փառատոնին իրենց կատարումներով և վարպետության դասերով նաև հանդես են գալիս փառատոնի՝ անցյալ տարվա մեկնարկից ի վեր ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անվանի երաժիշտներ, այդ թվում Հայկ Ղազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Հայկ Մելիքյանը, Աննա Սարկիսովան, Լիանա Ալեքսանյանը, Անդրեյ Գրիդչուկը, Հրաչյա Ավանեսյանը, Նարեկ Ավագյանը, Տիգրան Սուչյանը և այլոք։
Հուլիսի 4-ից 8-ը փառատոնը հյուրընկալել է 18-րդ դարի «Ստրադիվարի» և «Գվարների դել Ջեզու» հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը, որը Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը։ Հատկանշական է, որ Հայաստանում նման ցուցահանդես կազմակերպվել էր առաջին անգամ։
Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կամփոփվի հուլիսի 18-ին աշխարհահռչակ հունգարական «Ռոբի Լակատոշ ու ընկերներ» խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ փակման համերգով:
Ըստ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի․ «Կապանը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է։ Մեր փառատոնը յուրահատուկ է մի քանի հանգամանքներով, և, առաջին հերթին, որ այն նախաձեռնվել և իրականցվում է հենց երաժիշտների կողմից։ Կցանկանայինք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ նաև Հայաստանի այլ մարզերում՝ հասանելի դարձնելով բարձր արվեստը մեր հանրության համար և տալով ճանաչողական ու զարգացման հնարավորություն երիտասարդ տաղանդներին»։
Իսկ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի խոսքով․ «Նման մասշտաբի միջոցառումների անցկացումը չափազանց կարևորում եմ մեր քաղաքում, քանի որ մշակույթը այցեքարտ դարձնելու ուղին բռնած Կապանի համար սա հիանալի հնարավորություն է աշխարհին ներկայանալու, այլ երկրների մշակույթներն ընդունելու, ճանաչելու, դրականը քաղելու, և, որ ամենակարևորն է կրթվելու համար։ Փառատոնն իր կրթական բաղադրիչով եզակի առիթ է ընձեռում տեղացի երաժիշտներին և երաժշտական դպրոցների երեխաներին՝ ոլորտի լավագույններից սովորելու, մասնագիտական գիտելիքները հարստացնելու, զարգացնելու, ինչպես նաև նոր կապեր և համագործակցություններ հաստատելու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը