09 07 2024

ԱՄՆ-ն ուզում է, որ այս տարածաշրջանն ամբողջովին հայտնվի Թուրքիայի տիրապետության տակ. վերլուծական

ԱՄՆ-ն ուզում է, որ այս տարածաշրջանն ամբողջովին հայտնվի Թուրքիայի տիրապետության տակ. վերլուծական

Zham.am-ը գրում է.  Տարածված տեսակետ կա, թե իբր ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության մեջ հիմնականում աջակցում է այն երկրներին, որոնք ժողովրդավարական արժեքներով են ապրում, և ճիշտ հակառակը՝ պայքարում են ավտորիտար ռեժիմներ ունեցող երկրների դեմ:

Այդ տեսակետը հիմնականում տարածված է այսպես կոչված «փոքր ժողովուրդների» մոտ, որոնք անկեղծորեն կարծում են, թե բավարար է, գոնե արտաքուստ, որդեգրել  ժողովրդավարական արժեքները և դրա դիմաց կստանան բավարար աջակցություն ԱՄՆ-ից և ԵՄ-ից:

Այսպիսի տրամադրություններ էին գերիշխում նաև Հայաստանում 100 տարի առաջ, երբ հավատում էին, որ բավարար է արտաքին քաղաքականության մեջ ունենալ արևմտամետ կողմնորոշում և դրա դիմաց կարելի էր ստանալ «պարգևավճար», ի դեմս, օրինակ Սևրի պայմանագրի:

Սակայն իրականությունը 100 տարի առաջ ճիշտ հակառակն եղավ: Հայերը հրապուրվեցին արևմտյան խոստումներով և դաժանորեն պատժվեցին դրա համար: Այն ժամանակվա Հայաստանը, որն ուներ մոտ 60 հազար քառ.կմ տարածք, այդ քաղաքականության պատճառով կորցրեց իր տարածքների կեսը:

Նույն սխալը կատարեցին վրացիները 20 տարի առաջ, երբ կարծում էին, թե բավարար է ցույց տալ իրենց հավատարմությունը ԱՄՆ-ին, ապա կկարողանան լուծել իրենց ազգային խնդիրները: Սակայն կրկին իրականությունը ճիշտ հակառակն եղավ: 2008-ի պատերազմից հետո, Ռուսաստանը պետական մակարդակով ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, իսկ Արևմուտքը որևէ գործնական քայլ չկատարեց իր, իբր «դաշնակցին» աջակցելու համար:

Իսկ ուկրաինական օրինակը ցույց է տալիս Արևմուտքի վերաբերմունքի ողջ ցինիզմը: Վաշինգտոնն ու Բրյուսելը խրախուսեցին Կիևին դիմել հակառուսական քայլերի, որի արդյունքում սադրեցին Մոսկվային ռազմական գործողությունների գնալ: Արդյունքում այս պատերազմում արդեն զոհվել են ուկրաինական կողմից մոտ 500 հազար մարդ, դրան գումարած այդ երկիրը կորցրել է իր տարածքի մոտ 20 տոկոսը: ԱՄՆ-ում ու Եվրոպայում չեն էլ թաքքցնում, որ իրենք դա դիտարկում են, որպես  «պատերազմ Ռուսաստանի դեմ՝ մինչև վերջին ուկրաինացին»:

Ըստ այդ հրեշավոր հաշվարկների, ճիշտ է, ուկրաինացիների մի զգալի մաս կարող է զոհվել, սակայն դրա դիմաց մեծ կորուստներ կունենա նաև Ռուսաստանը:

Վերադառնալով մեր տարածաշրջանի խնդիրներին, նշենք, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնված է մի քանի դրույթների վրա:

Առաջին

ԱՄՆ-ն չի կարևորում  Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդավարության աստիճանը: Քանի որ այդ երկրները, ըստ ԱՄՆ-ի, ռեգիոնալ ավելի մեծ երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի «քաղաքական հայաթն են հանդիսանում»: ԱՄՆ-ի համար առավել կարևոր է, որպեսզի այդ «հայաթում», Ռուսաստանի և Իրանի դերը զգալի նվազ լինի և, փոխարենը, մեծանա Թուրքիայի դերը: Ավելին, որպես ռազմավարական նպատակ, ԱՄՆ-ն ուզում է, որ այս տարածաշրջանն ամբողջովին հայտնվի Թուրքիայի տիրապետության տակ, քանի որ այդ երեք ռեգիոնալ պետություններից, Թուրքիան, ԱՄՆ-ի համար, համարվում է «չարյաց փոքրագույնը»:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության դոկտրինում գերիշխում է երկու իրար հակասող մոտեցում.

-ԱՄՆ-ն պիտի աջակցի ժողովրդավարացման  «տարբեր փուլերի ալիքները»

-ԱՄՆ-ն պիտի հանդես գա երկրների հանդեպ հայտնի ամերիկյան քաղաքագետ Սեմուել Խանգտինգթոնի կոնցեպտի համաձայն, ըստ որի Աշխարհը բաժանված է մի քանի քաղաքակրթությունների, որոնք անպայման չի, որ կկարողանան ունենալ ընդհանուր ժողովրդավարական արժեքներ: Ըստ նույն այդ քաղաքագետի, օրինակ Իսլամական քաղաքակրթությունը, իբր, երբեք չի կարողանա ներդնել իր մեջ արևմտյան  ժողովրդավարական արժեքները: Իսկ դա նշանակում է, որ իսլամական երկրների հանդեպ ԱՄՆ-ն պիտի վարի, ոչ թե գաղափարականացված մոտեցում, այլ շարժվի բացառապես ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերից ելնելով:

Թուրքիան այդ երկրներից ամենամոտն է Արևմուտքին: Ուրեմն ԱՄՆ-ի քաղաքականությունը պիտի լինի համարժեք, մինդեռ Իրանը, անհամատեղելի մոտեցումներ ունի ԱՄՆ-ի շահերի հանդեպ:

Այս ամենը նշանակում է, որ ԱՄՆ-ի մոտեցումները մեր տարածաշրջանի հանդեպ ունեն բացառապես աշխարհաքաղաքական ասպեկտ: Իսկ դա նշանակում է, որ Վրաստանի, Հայաստանի կամ Ադրբեջանի ժողովրդավարական աստիճանները ԱՄՆ-ի համար, գրեթե զրոյական նշանակություն ունեն:

Դրա վառ ապացույցը այսօրվա իրենց մոտեցումն է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նկատմամբ:

Երկրորդ

Եթե ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում չունի արժեքների վրա հիմնված մոտեցում, նշանակում է՝ իրենց համար կարևոր է, թե որ երկիրը ինչ արժեք ունի ԱՄՆ-ի համար:

Այդ տեսանկյունից, ԱՄՆ-ն չի էլ թաքցնում, որ իր համար տարածաշրջանում ամենակարևոր երկիրը Ադրբեջանն է:  Այդ երկիրն է Կասպից ծովով կապում տարածաշրջանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ:

Ադրբեջանը, ըստ ամերիկացիների, հանգուցային երկիր է:

Վրաստանն ու Հայաստանը, համարվում են կոմունիկացիոն իմաստով ընդամենը տարանցիկ երկրներ, որոնք պիտի դառնան Ադրբեջանի ածանցյալ երկրներ:

Եվ այս մոտեցումներում, առանձին վերցրած, ժողովրդավարական աստիճաններն այդ երկրներում ԱՄՆ-ին ամենից քիչն են հետաքրքրում:

Այսպիսով, կարող ենք բնութագրել ԱՄՆ-ի և ԵՄ-ի քաղաքական մոտեցումները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանդեպ հետևյալ կերպ.

Ադրբեջանի հանդեպ

Ադրբեջանը տարածաշրջանի ամենից ավտորիտար երկրին է համարվում, սակայն ԱՄՆ-ին և ԵՄ-ին դա ամենից քիչն է հետաքրքրում:

Ադրբեջանը դարձել է հանգուցային երկիր, որը կապող օղակ է Ռուսաստանի և Իրանի միջև (այդ երկրների միջև են անցնում Հյուսիս-հարավ ճանապարհները):

Միաժամանակ, Ադրբեջանը, այսպես կոչված «միջին միջանցքի»  համար դարձել է նույնպես հանգուցային երկիր:

Արևմուտքն իհարկե կուզենար, որ Ադրբեջանը չզարգացներ իր հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ: Սակայն, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ ԵՄ-ն, նույնիսկ ռիսկ չեն անում արտահայտվել դրա մասին: Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքին, ապա Ալիևը հիմնել է այնպիսի ավտորիտար համակարգ, որ ԱՄՆ-ն նույնիսկ փոքր օղակներ չկարողանա ունենալ Ադրբեջանի ներսում՝ Ալիևի վրա ազդելու համար:

Հենց դրա համար էլ, չկարողանալով ճնշել Ալիևին, ԱՄՆ-ն և ԵՄ-ն, որոշել են ընդգծված հարգանքով մոտենալ Ադրբեջանի բալանսավորված քաղաքականությանը, փորձելով մաքսիմալ բավարարել իր պահանջները, որպեսզի այդ բալանսում իրենց դերը ավելի փոքր չլինի, քան Ռուսաստանինն ու Իրանինը:

Հայաստանի հանդեպ

Փաշինյանի իշխանության գալուց հետո, ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանը որպես խամաճիկային երկիր, որը չպիտի խանգարի Ադրբեջանին՝ կատարի իր միջին միջանցքի զարգացման ծրագիրը:

Հենց դրա համար ԱՄՆ-ն Փաշինյանի ձեռքերով վերացրեց Արցախի հարցը, որպեսզի Ադրբեջանը լիարժեք անկախանա Ռուսաստանից և կարողանա վարել, ավելի թուրքամետ, արևմտամետ քաղաքականություն, քան՝ երբ կար չլուծված ղարաբաղյան խնդիր: Եթե Հայաստանը խոչընդոտի Ադրբեջանի ծրագրերին, ապա նույն ճակատագրին պիտի արժենա նաև Հայաստանը՝ կրկին  Փաշինյանի միջոցով:

Հայաստանը պիտի մինիմիզացնի իր կապերը Իրանի և Ռուսաստանի հետ և, վերջնաարդյունքում, պիտի դառնա  Թուրքիայի ծայրագավառաը. ահա սա՛ է ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Հայաստանի նկատմամբ: Իսկ որպես թուրքական ծայրագավառ Հայաստանը կլինի՞, թե՞ ոչ , ԱՄՆ-ին շատ քիչ է հետաքրքրում: Ակնհայտ է, որ եթե այդ ծրագրերը կյանքի կոչվեն, ապա Հայաստանը կունենա այն ճակատագիրը, ինչը ունեցավ Արևմտյան Հայաստանը:

Վրաստանի հանդեպ

Վրաստանը մինչ 2012 թվականը վարում էր խամաճիկային քաղաքականություն, ինչպիսին, որ այսօր վարում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանում: Սակայն , ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը շատ մեծ կորուստներ չունեցավ, եթե իհարկե չհաշվենք Աբխազիայի և Հարավային Օսիայի կորուստը: Սակայն պետականության վերացման վտանգի առջև չկանգնեց, ինչպես  Հայաստանն այսօր: Պատճառն այն էր, որ Վրաստանը միջին միջանցքի միակ տրանզիտային երկիրն էր, և ուրեմն, Թուրքիայի և Ադրբեջանի համար կարևոր միջանցք:

Սակայն երբ Վրաստանը փորձում է այսօր միջանցքայինից դառնալ հանգուցային երկիր, դառնալով խաչմերուկ, ոչ միայն արևելք-արևմուտք, այլև հուսիս-հարավ ուղղությամբ, միանգամից  թիրախային հարվածներ է ստանում ԱՄՆ-ից և ԵՄ-ից:

Օրինակ, հենց այսօր ԵՄ-ն որոշել է կասեցնել Վրաստանի անդամակցության գործընթացը:

Զուգահեռ դրան, ԱՄՆ-ը հետաձգել է Վրաստանի հետ ծրագրված զորավարժությունները։ Փոխարենը Վաշինգտոնը պատրաստվում է գործ ունենալ Հայաստանի հետ,  հուլիսի 15-24-ը երկրում կանցկացվեն Eagle Partner 2024 համատեղ զորավարժությունները։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Վրաստանում նախատեսված համատեղ զորավարժությունները հետաձգվել են պաշտոնական Թբիլիսիի հակաամերիկյան հռետորաբանության պատճառով։

Իսկ իրականում Վրաստանը փորձում է վարել, ոչ թե հակաամերիկյան, այլ ավելի բալանսավորված քաղաքականություն, որպեսզի երկիրը դարձնի ավելի անվտանգ և դառնա տարածաշրջանային խաչմերուկ, այլ ոչ թե միայն Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարանցիկ երկիր:

Այսպիսով այն ինչ կարելի է Ադրբեջանին, չի կարելի Վրաստանին և Հայաստանին: Ահա այսպիսին է ԱՄՆ-ի ԵՄ-ի մոտեցումը մեր տարածաշրջանի երկրների հանդեպ, որտեղ ժողովրդավարության գործոնը գրեթե գոյություն չունի:

Սա է իրականությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ