11 07 2024

Անապահով քաղաքացին կարող է զրկվել նպաստից, եթե հրաժարվի կառավարության առաջարկած աշխատանքից

Անապահով քաղաքացին կարող է զրկվել նպաստից, եթե հրաժարվի կառավարության առաջարկած աշխատանքից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթին, որով փոխվում է նպաստների համակարգը:

Ներկայացնելով ծրագիրը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց. «Առաջարկվում է գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդնել անապահովության նպաստ և սահմանել, որ դրա իրավունքն ունի այն ընտանիքը, որի ամսական եկամուտը ցածր է անապահովության սահմանային շեմից, որն էլ ամեն տարի կորոշվի նվազագույն պարենային զամբյուղի արժեքի համեմատ կամ ծայրահեղ աղքատության շեմի հետ համեմատ: Այսինքն՝ նվազագույն պարենային զամբյուղի արժեքից ցածր արդեն մենք գործ ունենք ծայրահեղ աղքատության երևույթի հետ: Այսպիսով՝ մարդը կստանա անապահովության նպաստի իրավունք, եթե իր եկամուտները պակաս կլինեն նվազագույն պարենային զամբյուղի համեմատ սահմանված շեմից»:

Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ մարդկանց ակտիվացումը կամ աշխատանքի անցնելը, այսինքն՝ եթե աշխատունակ, բայց չաշխատող մարդը դիմում է նպաստի, ապա դա նախ կդիտարկվի որպես աշխատանք փնտրելու հայտ, և նրան կառաջարկվի աշխատանք: Եթե աշխատանքի առաջարկը մերժվի, ապա դա կդիտարկվի որպես նպաստի մերժման հիմք:

«Որպեսզի խրախուսենք աշխատելու ձգտումը, ներդրվելու է նոր ինստիտուտ, համաձայն որի՝ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին վերագրվելու է եկամուտ՝ Կառավարության սահմանած դեպքերում, չափով և ժամկետներում, և ինչքան մարդը հրաժարվում է պետության կողմից աշխատանքի առաջարկից, այնքան մեծացվելու է վերագրվող եկամտի չափը մինչև սպառողական զամբյուղի արժեքի չափ, քանի որ ենթադրվում է, որ եթե հրաժարվում է, ապա ունի այլ եկամտի աղբյուր»,- պարզաբանեց նախարարը:

Նոր համակարգով կկիրառվի նպաստի դադարեցման սանկցիա այն ընտանիքների նկատմամբ, որոնք պարտադիր հանրակրթության տարիքի երեխաներին կզրկեն կրթության իրավունքից: Սանկցիա կկիրառվի նաև այն դեպքում, երբ ընտանիքն իր անշարժ գույքը կգրավադրի: Այս կերպ, ըստ նախարարի, հնարավոր կլինի զսպել անապահով ընտանիքի՝ անօթևան դառնալու ռիսկը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ չեն պատրաստվում կոմֆորտ ստեղծել այն քաղաքացիների համար, որոնք որոշել են, որ իրենք պետք է աղքատ լինեն և շարունակեն այդպես մնալ:

«Անընդունելի մտածողություն է, որ աշխատունակ մարդուն ինչ-որ մեկը պիտի օգնի, որպեսզի նա հաց... հումանիտար օգնություն պիտի տան: Սա աբսուրդ է, սա ապապետական մտածողություն է: Աշխատունակ մարդը պետք է աշխատի: Որտե՞ղ աշխատի, ո՞նց աշխատի, սա երկրորդ թեման է:

Ուստի մենք համակարգում ներդնում ենք հետևյալը, որ աշխատունակ մարդը, որն անապահով ընտանիքի ներկայացուցիչ է, պետք է գրանցվի նախ որպես աշխատանք փնտրող, որ մեր աշխատանքի համակարգն իրեն տեսնի և պատեհ առիթով նրան առաջարկի աշխատանք»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ