Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Քրեական գործ կարելու պատրաստակամություն հայտնելը մի այիբ է, այն «գրագետ» կարելը՝ երկու
Այսօր Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն հրապարակեց, որով վերջապես խոստովանեց, որ ԵԽԽՎ 1900 (2012) բանաձևին լրիվ հակառակ գործելը դարձել է իրենց կառույցի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկը։
Պարզվում է՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 4 օր առանց ձևակերպելու գտնվել է արձակուրդում, որի համար ստացել է աշխատավարձ և «ահռելի» վնաս պատճառել պետությանը։ Այո՛, այո՛՝ 4 օր ու «ահռելի վնաս»...
Ծանոթացա պալատի կայքում տեղադրված 45 էջանոց «Syuniq_verjnakan tarberak.» վերտառությամբ փաստաթղթին, ինչն էլ, ըստ էության, հանդիսացել է քրեական գործի հարուցման հիմք և ստացա հարցի պատասխանը, թե ինչո՞ւ էր պատերազմի օրերին կառավարություն հասցեագրվող գրություններում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը Նիկոլ Փաշինյանին դիմում «գերագույն-գլխավոր հրամանատար»-ով։
Օբյեկտիվորեն առաջացած բազմաթիվ հարցադրումներ կան ՔԿ-ին, որոնցից յուրաքանչյուրի տակ կարող եմ դնել այդ չորս օրվա ստացված աշխատավարձի 700-ապատիկը գերազանցող գումարի աշխատանք, որը կատարվել է Վ․Ա․Հակոբյանի օրոք մարզում, բայց չեմ անի։
Պարզապես ուզում եմ դիմել Դատախազության, Քննչական կոմիտեի, Հատուկ քնչական կոմիտեի և այլ համակարգերի աշխատակիցներին, ովքեր այսօր զբաղված են քրեական գործեր կարելով․
Դուք կատարում եք քաղաքական պատվերն այն մարդու, որը նոյեմբերի 9-ին, այսօր և այլևս ընդմիշտ Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես դավաճան, ով ավելի քան 5000 կյանքեր խլեց, հսկայական տարածքներ տվեց թշնամուն, ու, ի դեպ, նրա կողմից հետագա հանցագործությունները կանխելուն ուղղված գործողությունների փոխարեն այսօր դուք զբաղված եք զավեշտալի քրեական գործեր կարելով։
Եթե կարծում եք, որ այս աբսուրդի թատրոնի վերջում ասելու եք՝ «դե, ես փոքր մարդ եմ, ոնց ասել են՝ ըտենց արել եմ», ապա նախապես զգուշացնում եմ, որ դա ձեզ պատասխանատվությունից չի ազատելու, կամ ինչպես ձեր ջոկատավարն է սիրում կրկնել՝ ոչ ոք չի պլստալու։
Թերևս ժամանակ ունեք ձերբազատվելու այն խարանից, որն ամբողջ կյանքում ուղեկցելու է ձեզ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը