15 11 2023

Ավանի ՔՊ-ական թաղապետի հայրը թաունհաուսների բիզնես է սկսել. Hetq.am

Ավանի ՔՊ-ական թաղապետի հայրը թաունհաուսների բիզնես է սկսել. Hetq.am

 

Hetq.am-ը գրում է․

Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանի հայրը՝ Մանվել Հակոբյանը, թաունհաուսների բիզնես է սկսել։ Մանվել Հակոբյանը նախկինում բիզնես գործունեություն չի ծավալել։ Քաղաքային առանձնատների (թաունհաուսների) կառուցմամբ և վաճառքով սկսել է զբաղվել այն բանից հետո, երբ ավագ որդին՝ Երջանիկ Հակոբյանը, դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և պետական բարձր պաշտոններ սկսեց զբաղեցնել։

Երջանիկ Հակոբյանը քաղաքական գործունությամբ հայտնի չէր, սակայն դա չխանգարեց, որ 2018 թ.-ին դառնա ՔՊ անդամ, ապա՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հետո էլ՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ։ Կրտսեր Հակոբյանը ՀՔԾ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից ազատվեց 2022 թ.-ին և նշանակվեց Ավան վարչական շրջանի ղեկավար։ Ավան վարչական շրջանում բնակվող պաշտոնյաների հայրը՝ Մանվել Հակոբյանը, կայուն աշխատանք չի ունեցել, իսկ որպես բիզնեսմեն ընդհանրապես հայտնի չէ։ 2020 թ.-ից Առինջի Դուրյան թաղամասում սկսել է առանձնատներ կառուցել և վաճառել։

Նա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների 2022 թ.-ի հայտարարագիրը, ինչը պարտավոր էր անել։ Մանվել Հակոբյանը չի հայտարարագրել նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ավան վարչական շրջանում գտնվող տունը, որտեղ հաշվառված է։

Վահե և Երջանիկ Հակոբյանների հայրը՝ Մանվել Հակոբյանը հայտարարագիր ներկայացրել է 2018 թ.-ից` որպես պաշտոնյաների հետ համատեղ բնակվող անձ։ 2018 թ.-ի նրա հայտարարագիրը դատարկ է, որևէ տվյալ չկա նաև եկամուտների մասին։ 2019 թ.-ի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մանվել Հակոբյանը Երևանի Ավան վարչական շրջանում ունի 1 բնակարան, իսկ Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում` 2 հողամաս (Դուրյան թաղմասում)։ Հողամասերից մեկի ձեռք բերման հիմքը հայտարարագրում նշված է՝ «գնում», մյուսինը՝ «այլ», իսկ բնակարանինը՝ «նվիրատվություն»։ 2019 թ.-ի դրությամբ Մանվել Հակոբյանն ունեցել է «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2015 թ.-ին։ 2019 թ.-ին 930 հազար դրամով գնել է «Մերսեդես» 809 D տեսակի ևս մեկ բեռնատար, իսկ իր ունեցած «Մերսեդես» 609 D բեռնատարը 1 միլիոն դրամով վաճառել է։ Տարեվերջին Մանվել Հակոբյանն ունեցել է 4.8 միլիոն դրամ՝ չունենալով աշխատանքից ստացվող եկամուտ։ Որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած 250 հազար դրամ ապահովագրավճարը և մեքենայի վաճառքից ստացած 1 միլիոն դրամը։

Մանվել Հակոբյանի 2020 թ.-ի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա գույքի վաճառք է իրականացրել։ Ավան համայնքում գտնվող բնակարանը և Առինջում գտնվող հողամասերից մեկը նա հայտարարագրել է, իսկ Առինջի մյուս հողամասը «մասնակի» է հայտարարագրել։ Ենթադրվում է, որ հողամասը բաժանվել է մասերի, և բաժանված մասերից վաճառք է իրականացվել։ Այս ենթադրությունը հաստատվում է, քանի որ նույն տարվա հայտարարագրում որպես եկամուտ Մանվել Հակոբյանը ներկայացրել է 10 միլիոն դրամ եկամուտ, որը գոյացել է 2 գույք վաճառելու արդյունքում։ Դրանք գնել են քաղաքացիներ Աշոտ Սիմոնյանը և Հովհաննես Մեհրաբյանը։

 

Պաշտոնյա եղբայրների գույքային և ֆինանսական վիճակը բարելավվել է 2018 թ.-ից հետո

Վահե Հակոբյանը հայտարարագիր է սկսել ներկայացնել 2018 թ.-ից, երբ ստանձնել է Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Այդ ժամանակ Վահե Հակոբյանը անշարժ և շարժական գույք չի ունեցել։ Հայտարարագրել է 15 միլիոն դրամ, 9 հազար դոլար և 4 հազար եվրո։ 2019 թ.-ին 2 միլիոն դրամով ԱՄՆ-ից աճուրդով գնել է «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենա։ Դրամական միջոցները նախորդ տարվա համեմատ նվազել են՝ կազմելով 9.8 միլիոն դրամ, 3.2 հազար դոլար և 2 հազար եվրո։ 2020 թ.-ին Վահե Հակոբյանի դրամական միջոցները հետևյալ տեսքն են ունեցել՝ 6.4 միլիոն դրամ, 8.5 հազար դոլար և 3 հազար եվրո։

 

Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյան

2021 թ.-ին պաշտոնյան 3 միլիոն դրամով վաճառել է երկու տարի առաջ 2 միլիոն դրամով գնած «Nissan Versa» ավտոմեքենան։ Նույն տարում նրա դրամական միջոցները կազմել են 10.5 միլիոն դրամ և 11 հազար դոլար։ Ուշագրավ է, որ 2021 թ.-ին Վահե Հակոբյանը, զբաղեցնելով Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, չի հայտարարագրել Կոմիտեից ստացած աշխատավարձը։ Որպես եկամուտ նա որևէ նշում չի կատարել հայտարարագրում։ 2022 թ.-ի հայտարարագրում, երբ Հակոբյանն արդեն զբաղեցնում էր Ավան վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, նշել է 7 միլիոն դրամ և 9.4 հազար դոլար։

Վահե Հակոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով մասնակցում է 2023 թ.-ի սեպտեմեբերի 17-ի Երևանի ավագանու ընտրություններին։ Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ Հակոբյանը համատեղ սեփականության իրավունքով բնակարան ունի Ավան վարչական շրջանում (բնակարանը նորակառույց շենքում է, որը դեռ շահագործման չի հանձնվել)։

Վահե Հակոբյանի կինը՝ Սոսի Վարդանյանը, հայտարարագիր ներկայացրել է 2018 թ.-ին, որի համաձայն` տարվա վերջում ունեցել է 2.4 միլիոն դրամ։ 2019 թ.-ին Սոսի Վարդանյանը հայտարարագրել է 623 հազար դրամ, իսկ որպես եկամուտ՝ «Ինեկոբանկից» ստացած աշխատավարձը՝ 340 հազար դրամ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում բացակայում է Սոսի Վարդանյանի՝ 2020 թ.-ի եկամուտների և գույքի հայտարարագիրը։ Պաշտոնյայի կինը հայտարարագիր սկսել է ներկայացնել 2021 թ.-ից։ Այդ տարի նա ունեցել է 816 հազար դրամ, իսկ եկամուտ ստացել է երկու աղբյուրից՝ 1.4 միլիոն դրամ՝ «Փլեյրիքս Արմենիա» ընկերությունից և 6.2 միլիոն դրամ՝ Արդարադատության նախարարությունից։ Վարդանյանը նախարարությունում մի կարճ ժամանակ զբաղեցրել է գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Սոսի Վարդանյանի 2022 թ.-ի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ ունեցել է 557 հազար դրամ, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է 6.6 միլիոն դրամ, որը աշխատավարձի տեսքով ստացել է «Աքյումեն Թեքնոլոջիս» և «Փլեյրիքս Արմենիա» ընկերություններից (5 միլիոն դրամը` վերջին ընկերությունից)։ Վարդանյանը նույն տարում 1.5 միլիոն դրամ վարկ է վերցրել։

Երջանիկ Հակոբյանը հայտարարագիր սկսել է ներկայացնել 2018 թ.-ից` այդ տարվա հունիսին նշանակվելով ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ։ Հակոբյանն անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ որպես շարժական գույք հայտարարագրել է երկու «Mercedes-Benz » (E 350 4 MATIC և E 430): Նույն տարում Երջանիկ Հակոբյանն ունեցել է 15 միլիոն դրամ և 13 հազար դոլար։ 2018 թ.-ի նոյեմբերի դրությամբ, երբ Երջանիկ Հակոբյանն ազատվել է ՊԵԿ-ում զբաղեցրած պաշտոնից, հայտարարագրել է արդեն 18 միլիոն դրամ և 13 հազար դոլար, իսկ որպես եկամուտ` մոտ 8 միլիոն դրամ, որից 600 հազար դրամը վարկ է, մյուս մասը` ՊԵԿ-ից ստացած աշխատավարձը։ 2018 թ.-ին Երջանիկ Հակոբյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր և մանդատը պահել 2 տարի։

2019 թ.-ին, լինելով ԱԺ պատգամավոր, Երջանիկ Հակոբյանը զբաղվել է մեքենաների առք ու վաճառքով։ Հակոբյանը գնել է տարբեր տարիների արտադրության 3 հատ «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենա, որոնցից երկուսը՝ Արաբական Միացյալ էմիրություններից։ Տարեվերջին «Volkswagen»-ներից երկուսը և իր՝ նախկինում ունեցած «Մերսեդես բենսերից» մեկը վաճառել է։ 2019 թ.-ի ավարտին Երջանիկ Հակոբյանն ունեցել է մեկ «Մերսեդես բենս» և մեկ «Volkswagen Touareg»։ Հակոբյանի եկամուտները 2019 թ.-ին հետևյալն են՝ 8.7 միլիոն դրամ (ԱԺ աշխատավարձ), 4․1 միլիոն դրամ (ՊԵԿ աշխատավարձ), 9.1 միլիոն դրամ (մեքենաների վաճառքից ստացված եկամուտ)։ Նույն տարում երկու տարբեր բանկերից Երջանիկ Հակոբյանը 3.6 միլիոն դրամ վարկ է վերցրել։

2020 թ.-ին պաշտոնյան 3 միլիոն դրամով վաճառել է նախորդ տարի գնած «Volkswagen Touareg» ավտոմեքենան։ Նույն տարում «Հայէկոնոմբանկից» 19.8 մլն դրամ վարկ է վերցրել և նույնքան գումար փոխառությամբ տրամադրել է կառուցապատմամբ զբաղվող «Արտքոմփանի» ՍՊԸ-ին։ Հակոբյանի՝ արդեն 2021 թ.-ի հայտարարագրում նորակառույց շենքում ձեռք բերված բնակարանի մասին նշում կա։ Այն արժեցել է 36.7 միլիոն դրամ և գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ 2021 թ.-ին, կրկին «Հայէկոնոմբանկից», Հակոբյանը վարկ է վերցրել, այս անգամ՝ 16 միլիոն դրամ։ Եթե գումարենք 2020 և 2021 թթ.-երին վերցրած վարկերը, դրանց հանրագումարը հավասար է գնված բնակարանի արժեքին։ Ի դեպ, 2021 թ.-ի սեպտեմբերից Հակոբյանը զբաղեցնում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնը։ Նույն տարում ՊԵԿ-ից նա 11.5 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել։ Երջանիկ Հակոբյանի 2022 թ.-ի հայտարարագրից էլ տեղեկանաում ենք, որ նրա դրամական միջոցները կազմել են 15 հազար դոլար և 10 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 12 միլիոն դրամ (ՊԵԿ-ի աշխատավարձը)։

Հետաքննությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ