2024 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ապա հրդեհ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 2, իսկ «Աբովյան» ԲԿ՝ 5 անձ։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։
Քննչական կոմիտեից հայնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը), 356-րդ հոդվածի 2-րդ մասով (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), 358-րդ հոդվածի 2-րդ մասով (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք) նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Կատարվել են մի շարք վարութային և դատավարական գործողություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են դեպքի վայրի, ինչպես նաև հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են բազմաթիվ անձինք:
Նշանակվել են դատահրդեհատեխնիկական դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր ու դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ պայթյունի պատճառը և բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը