07 06 2024

Ինչո՞ւ է Արևմուտքը ագրեսիվորեն աջակցում Վրաստանի ընդդիմությանը և Հայաստանի իշխանությանը. Վերլուծական

Ինչո՞ւ է Արևմուտքը ագրեսիվորեն աջակցում Վրաստանի ընդդիմությանը և Հայաստանի իշխանությանը. Վերլուծական

 

Այսօր նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, թե ինչ ագրեսիվ ձևով են արևմտյան երկրները աջակցում Վրաստանի ընդդիմությանը, նկատում ոստիկանության կողմից բռնի գործողության ամեն մի դեպք և, միաժամանակ, լուռ են Հայաստանում ընթացող զարգացումների հանդեպ և անվերապահ աջակցում են Փաշինյանի ոստիկանական մեքենայի գործողություններին:

Ինչո՞ւ  են Վրաստանի իշխանությունները համառորեն դիմադրում Արևմուտքի ճնշումներին

Շատերն այն կարծիքին են, թե Վրաստանի իշխանությունները իրենց դիրքորոշումը փոխել էին դեռ 2012 թվականից, երբ «Վրացական երազանքը»  հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում և եկավ իշխանության: Իրկանությունը սակայն բոլորովին այլ էր: Իհարկե, Իվանիշվիլու թիմը եզրակացություն կատարել էր Սաակաշվիլու հակառուսական ձախողված քայլերից և հատկապես 2008-ի պատերազմի պատճառահետևանքային կապից, սակայն ռազմավարական առումով, նոր վրացական իշխանությունները նախկինների ուղին չէին վերանայել: Դեռ ավելին, Վրաստանը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր էր   ստորագրել 2014 թվականին և մասնակցում էր  միության այնպիսի ծրագրերի, օրինակ,  Եվրոպական հարևանության քաղաքականությունը:

2017 թվականի մարտի 28-ից  գործում է Շենգենյան գոտու երկրների և ԵՄ անդամների հետ առանց վիզայի ռեժիմ, որը Վրաստանի քաղաքացիներին թույլ է տալիս այցելել միության բոլոր երկրներ (բացառությամբ Իռլանդիայի) զբոսաշրջության, բիզնեսի և մշակութային նպատակներով 90 օր կես տարվա ընթացքում։ Այսինքն, գործնականում Վրաստանի քաղաքացին կարող է գտնվել ԵՄ երկրներում ողջ տարվա ընթացքում մոտ 180 օր:

 Վրաստանի քաղաքացիների համար աշխատանք ստանալու թույլտվությունը էապես հեշտացել է և ամեն տարի այդ երկիրը կոնկրետ քանակի աշխատողների քվոտա է ստանում ԵՄ անդամ երկրներից, ինչը զգալիորեն հեշտացնում է Վրաստանի քաղաքացիների համար աշխատանքի փնտրտուքը եվրոպական երկրներում:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2014 թվականի հունիսի 27-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Վրաստանը կարող է ԵՄ լիիրավ անդամ դառնալ 5-10 տարվա ընթացքում։

Իսկ 2021 թվականի հունվարի 17-ին, այսօրվա վարչապետ  Իրակլի Կոբախիձեն  հայտարարեց, որ Վրաստանը 2024 թվականին պաշտոնապես դիմելու է ԵՄ-ին անդամակցելու ծրագրերին:

Ինչո՞ւ  վրացական իշխանությունները ռուս-ուկրաինական պատերազմից հետո էական փոփոխություն մտցրեցին իրենց ծրագրերի մեջ

2022-ի փետրվարին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, արմատապես փոխվեց նաև ԵՄ-ի մոտեցումը Վրաստանի հանդեպ:

Պատերազմի սկսվելուց ընդամենը երկու ամիս անց, Վրաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպում է Իվանիշվիլու հետ և պահանջում, որ Վրաստանը ոչ միայն միանա Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցներին, այլև գործուն մասնակցություն ցույց տա Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում: Դեսպանը դրա դիմաց խոստանում էր Իվանիշվիլուն անձնական բնույթի օգուտներ, իսկ Վրաստանին խոստանում էր ԵՄ-ին արգացված անդամակցության գործնթաց:

Իվանիշվիլին կտրականապռես մերժում է դեսպանի պահանջները, նշելով, որ եթե Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ծրագրերին, ապա վրացական տնտեսությունը կկազմալուծվի, քանի որ շատ խորն է ինտեգրված ռուսական տնտեսության հետ:

Իվանիշվիլու կողմից մերժում ստանալուց հետո, ամերիկացիները միջնորդավորված սկսում են պատժամիջոցներ կիրառել նրա դեմ: Այսօրվա դրությամբ նրա 7 մլրդ-անոց կարողություններից մոտ 2 մլրդ-ն գտնվում է տարբեր տեսակի պատժամիջոցների տակ:

Իսկ ինչ վերաբերվում է Վրաստանին պատժելուն, ապա նույն 2022 թվականի ամռանը,   հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը առաջարկեց Վրաստանին հնարավորություն տալ դառնալու Եվրամիության անդամ, սակայն   հետաձգեց նրան թեկնածուի կարգավիճակ տրամադրելու իր հանձնարարականը մինչև որոշակի պայմանների պահպանումը։   2022 թվականի հունիսի 23-ին Եվրախորհրդարանը որոշում ընդունեց՝ աջակցելով Վրաստանի եվրոպական հեռանկարներին և պատրաստակամություն հայտնեց Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրել միայն մի շարք բարեփոխումներից հետո։

Պարզ էր, թե ինչ «բարեփոխումներ» էր ցանականում տեսնել ԵՄ-ն: Մանավանդ, որ նույն ժամանակ, ԵՄ-ն   բավարարեց Ուկրաինայի և Մոլդովայի պահանջները, երբ այդ երկրների բարեփոխման աստիճանները մի կարգով ավելի ցածր վիճակում էին, քան Վրաստանինը:

Այդ պահից սկսած Վրաստանի իշխանությունները հասկացան, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Վրաստանը դիտարկում են, ոչ թե իրենց հավասար գործնկեր, այլ «մանրադրամ»՝  Ռուսաստանի հետ հարաբերություններում, որի վառ օրինակը Ուկրաինան էր:

Բացի այդ, Իվանիշվիլու թիմի համար պարզ դարձավ, թե ով էր իրականում Սաակաշվիլուն ուղարկել Վրաստան 2021 –ի սեպտեմբերին, հենց տեղական ընտրությունների նախօրեին:

Այս ամենը վերլուծելով՝ վրացական իշխանությունների համար ողջ պատկերը պարզ դարձավ: Արևմուտքը ուզում էր տեսնել Վրաստանի դերը այնպես, ինչպես որ դա տեսնում է Ուկրաինայում, որտեղ տարբեր տվյալներով զոհվել է մոտ կես միլիոն մարդ:

Բացի այդ, վրացական իշխանության համար պարզ դարձավ նաև,թե ինչու էին ամերիկացիները ամեն գնով ստանալ Անակլիայի կառուցման նախագիծը

            Անակլիայի շուրջ թնջուկը բացայատեց ԱՄՆ-ի իրական նպատակները                                                                Վրաստանի մասով

2014 թվականի օգոստոսին Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը այս ռազմավարական օբյեկտի կառուցման համար  մրցույթ էր հայտարարել։ Մասնակցության հայտ են ներկայացրել 12 ընկերություններ, այդ թվում՝ մի քանի կոնսորցիումներ։

Ակնհայտորեն, որպես պայմանագիր ստանալու ամենահավանական թեկնածու նշվում էր Anaklia IEP Holding կոնսորցիումը։ Նրա հիմնադիրն ու ղեկավարն է Թեյմուրազ Կարճավան։ Սեփականատիրության կառուցվածքը ներառում է բրիտանական British Eco Power Ltd ընկերությունը, ինչպես նաև չինական China Power և Citic Group-ը։

Երկրորդ հավակնորդը՝ Anaklia Development Consortium-ը, ձևավորվել է ամերիկյան Conti International ընկերության և վրացական TBC հոլդինգի կողմից։

Գրեթե բոլորի համար ակնհայտ էր, որ պիտի հաղթեր Կարճավայի առաջարկը, քանի որ նրա կողմից առաջարկված  նախագիծը լավագույնն էր և դա բոլորի համար տեսանելի էր:

Սակայն ի զարմանս բոլորի, հաղթեց ամերիկյան առաջարկը: Այսօր արդեն հայտնի է, որ այն ժամանակ ամերիկացիները անձամբ էին խնդրել Իվանիշվիլուն, որ այդ նախագիծը հանձնեն իրենց՝ խոստանալով մեծ ներդրումներ կատարել:

                                     Ինչ էին խոստանում ամերիկացիները

Վերակառուցման ընդհանուր նախագծի համաձայն՝ Անակլիայի նավահանգիստը պետք է դառնար  Վրաստանի ամենախոր նավահանգիստը (նավաքարտի եզրին մինչև 20,5 մ): Գոյություն ունեցող նավահանգիստներում այս ցուցանիշը շատ ավելի ցածր է. Բաթումում` 14 մ, Փոթիում` 8,5 մ, նոր նավահանգիստը  պետք է զբաղեցներ  400 հեկտար տարածք և ի վիճակի պիտի լիներ կլինի ընդունել  Panamax և Post-Panamax դասի նավեր: Անակլիայում պիտի  կկառուցվեր  32 նավամատույց՝ 12,3 կմ ընդհանուր երկարությամբ։ 21-րդ դարի կեսերին նավահանգստի թողունակությունը պիտի հասներ  տարեկան 100 միլիոն տոննա բեռի։

Սակայն պարզվեց, որ ամերիկյան ընկերությունը ոչ մի խոստում չէր պատրաստվում կատարել: Ավելին, նա այդ հնարավորությունները չուներ: Որի արդյունքում Վրաստանի  իշխանությունները սկսեցին հետաքննել այդ ընկերության գործերը:

Վերջում պարզվեց ավելի հրեշավոր իրավիճակ: Պարզվեց, որ ամերիկյան ընկերությունն ստացել էր այդ պատվերը, որպեսզի հետո հեշտ լիներ սկսել վրացական իշխանությունների հետ այստեղ նոր ամերիկյան ռազմածովային կայան կառուցել:

Սա իսկական շոկ էր վրացական իշխանությունները համար, որոնք փորձեցին հետ վերցնել ամերիկյան ընկերության լիցենզիան:

Սակայն ամերիկացիները իրենց գործակալական ցանցի միջոցով Վրաստանում սկսեցին հարձակումները Իվանիշվիլու վրա:

2019-ի ամռանը ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղարը,Վաշինգտոնում ընդունելով Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեին, խոսեց այս նավահանգստի կարևորության մասին տարածաշրջանի  անվտանգության համար:

 «Ես հույս եմ հայտնում, որ Վրաստանի իշխանությունները կավարտեն խորջրյա նավահանգստի շինարարությունը։ Այս նախագիծը կօգնի Վրաստանին բարելավել հարաբերությունները զարգացած տնտեսությունների հետ, ինչը թույլ կտա խուսափել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունից, որոնք թեև իրենց դիրքում են որպես Վրաստանի բարեկամներ, սակայն նրա շահերի խողովակները չեն»,- նշեց ԱՄՆ պետքարտուղարը:

2020 թվականին Անակլիա  սկսեցին  հաճախել  ամերիկացի ռազմական շինարարներ՝ ռազմածովային բազաների տեղակայման մասնագետներ, ինչպես նաև ԱՄՆ VI նավատորմի բարձրաստիճան սպաներ։

Սակայն Իվանիշվիլին մերժեց ամերիկացիների ծրագրերը, Վրաստանի կառավարությունը կասկած հայտնեց  Խազարաձեի ներկայացրած նախագծի կենսունակության վերաբերյալ  և մեղադրեց նրան  ֆինանսական խարդախության մեջ։ Դատախազությունը քրեական գործ հարուցեց:

Դրանից հետո Իվանիշվիլին որոշում կայացրեց հետ վերձնել ամերիկյան այս լիցենզիան և նոր մրցույթ կազմակերպել: Պարզ էր, որ Իվանիշվիլին, արդեն որոշում էր կայացրել այս նախագիծը հանձնել չինացիներին, որոնք ի տարբերություն ամերիկացիների, ոչ թե ռազմական, այլ տնտեսական նավահանգիստ պիտի կառուցեին:

                                                     Ինչո՞ւ չինացիներին

Բանն այն է, որ Չինաստանը արդեն ուներ նախագիծ.  «մեկ գոտի-մեկ ճանապաքրհ», որի միջոցով նա կառուցում էր դեպի եվրոպական երկրներ իր ապրանքների փոխադրման  ուղիները:

Այդ ուղիներից մեկը անցնում էր Ռուսաստանի տարածքով, իսկ մյուսը Անդրկովկասով, որտեղ Վրաստանը դիտարկվում էր, որպես հանգուցային կենտրոն:

Հասկանալի էր, որ հենց չինացիները պիտի առավել շահագռգռված լինեին, որ այդ նավահանգստի կառուցումն արագ լինի, քանի որ դա իրենց ապրանքների արտահանմանն է հարկավոր:

Առաջին քայլերը վրացիները կատարեցին դեռ 2017 թվականին, երբ   Չինաստանը և Վրաստանը ստորագրեցին  ազատ առևտրի համաձայնագիրը:

 Իվանիշվիլին փորձում է իր ամերիկյան անվտանգության հովանոցը փոխարինել չինականո՞վ

2022-ի ռուս-ուկրաինական պատերազմը շատերի համար շատ բան փոխեց: Իվանիշվիլու համար առաջ եկավ երկնտրանք. Վրաստանը հեռու պահել պատերազմի փորձանքի՞ց, սրելով հարաբերությունները Արևմուտքի հետ, թե՞ երկիրը դարձնել «երկրորդ Ուկրաինա»: Նա ընտրեց առաջին տարբերակը:

Եվ անցյալ տարվա ամռանը Վրաստանի վարչապետը Չինաստանում  ռազմավարական գործընկերության մասին երկկողմ համաձայնագիր  ստորագրեց, որի համաձայն, Չինաստանը Վրաստանի տնտեսական հենասյուներից մեկն է դառնալու: Այդ քայլով Վրաստանի իշխանությունները փորձում են իրենց երկիրը դարձնել տարածաշրջանային հանգույց, որտեղով պիտի անցնեն Հուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային կոմունիկացիաները:

Որպես առաջին քայլ, Վրաստանի իշխանությունը լուծեց նաև Անակլիայի խնդիրը, որը հիստերիայի մեջ է գցել ԱՄՆ-ին:

Արդեն անցյալ  տարվա սեպտեմբերին Վրաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ սևծովյան Անակլիայում Վրաստանի առաջին խորջրյա նավահանգստի կառուցման համար գործընկերության համաձայնագիր կկնքվի  չին-սինգապուրյան կոնսորցիումի հետ:

Անակլիա   նավահանգստի 51 տոկոս բաժնեմասի սեփականատերը կլինի պետությունը, իսկ մնացած մասը կստանա մասնավոր ներդրողը, այն է՝

Չինա-Սինգապուր կոնսորցիումը, որն իր մեջ ներառում է չինական China Communications Construction Company Limited և սինգապուրյան China Harbor Investment Pte ընկերությունը:

 Սերտ կապեր հաստատելով Չինաստանի հետ՝ Վրաստանը չմոռացավ նաև Եվրոպային

2023-ի սեպտեմբերին Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Չինաստանի հետ մերձեցումը չի նշանակում, որ Վրաստանը պատրաստվում է հեռանալ Եվրոպայից: Ճիշտ հակառակը, Վրաստանը կատարեց ԵՄ-ի բոլոր ֆորմալ պայմանները և 2023 թվականի նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը առաջարկեց, որ ԵՄ խորհուրդը Վրաստանին տրամադրի Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։

2023 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրամիության խորհուրդը Վրաստանին շնորհեց Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական թեկնածուի կարգավիճակ։

Այսպիսով Իվանիշվիլու իշխանությունը որոշում կայացրեց իրականացնել փոխլրացված քաղաքականություն, որի արդյունքում Վրաստանը պիտի դառնա Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք հանգույցի տարածք:

Ռուս-ուկրաինական պատերազմը էլ ավելի է շահագրգրել Մոսկվային, որ աշխատեցնի իր համար անչափ կարևոր Հույսիս-Հարավ ուղին: Մի մասը պիտի անցնի Ղազախստանի միջոցով, մի մասը,- Ադրբեջան-Իրան ուղիով և վերջապես երրորդ մասը Վրաստան-Հայաստան-Իրան ուղիով:

Բացի այդ, Վրաստանը ցանկանում է հանգուցային կետ դառնալ նաև Չինաստան-Ադրբեջան ուղու և ինչու չէ նա Չինաստան-Իրան-Հայաստան ուղու համար:

ԱՄՆ-ի համար ցանկալի է միայն Արևելք-Արևմուտք ուղին, այն էլ, որ ինքը վերահսկի դա, որպեսզի վերահսկի չինական ուղին: Իսկ Իրանով ցանկացած ուղին ԱՄՆ-ի համար անընդունելի է:

Ահա թե ինչու է ԱՄՆ կատաղի պայքար սկսել Վրաստանի այսօրվա իշխանությունների դեմ:

         Ինչո՞ւ է նույն ԱՄՆ-ն ագրեսիվ ձևով աջակցում Փաշինյանի իշխանությանը

Հենց այն նույն պատճառով, ինչ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ընդդիմությանը: ԱՄՆ-ն չի ցանկանում, որպեսզի Հուսիս-Հարավ ուղին գործի: Որպեսզի տարածաշրջանի երկրները տարանցիկ լինեն միայն Արևելք-Արևմուտք ուղու համար, որտեղ գերակա դեր պիտի կատարի Ադրբեջանը:

Հասկանալի է, որ ԱՄՆ-ի այդ մոտեցումը հակասում է, թե՛ Վրաստանի, և թե՛ Հայաստանի ազգային շահերին:

Բացի այդ, ԱՄՆ-ն ցանկանում է, որ Զանգեզուրի միջանցքը բացվի, առանց ռուսական գործոնի աջակցության, ինչը կնշանակի, որ փաստացի հայ-ադրբեջանական հարաբերություններում գերակա դեր պիտի կատարի Բաքուն:

Եթե ամերիկյան ծրագրերը կյանքի կոչվեն, ապա տարածաշրջանում ակնհայտ ամենա մեծ դերը կատարելու է Ադրբեջանը, Վրաստանը դառնալու է երկրորդական երկիր, իսկ Հայաստանի պետականությունը հայտնվելու է կասկածի տակ:

Բերենք ընդամենը մեկ օրինակ, եթե Հայաստանը, Վրաստանի օրինակով կախված է լինելու հիմնականում Ադրբեջանի գազից, ապա ո՞րն է երաշխիքը, որ հաջորդ քայլը չի լինելու ադրբեջանցիների վերադարձը Հայաստան:

Հակառակը կլինի Հայաստանի էներգետիկ ճգնաժամի մեջ հայտնվելը:

Եվ այսպես, քայլ առ քայլ ընթանալու է Հայաստանի պետականության կազմաքանդման գործնթացը:

Այստեղ նույնիսկ Հայաստանի պետականության   գոյության  տրամաբանությունն է կորչում: Իրոք եթե պիտի գործի բացառապես Արևելք-Արևմուտք ուղին, ապա տրամաբանական է, որ ձևավորվի Ադրբեջան-Թուրքիա միասնական համակարգ, որտեղ չլինեն որևէ տեսակի խոչնդոտներ:

Մինդեռ, երբ Հայաստանը դառնում է խաչմերուկ, այստեղ արդեն Հայաստանի լինելու իմաստը հասկանալի է դառնում:  Բայց, ինչպես վերը նշեցինք, դա հակասում է ԱՄՆ-ի շահերին:

Փաշինյանի իշխանությունը վախենալով գործ ունենալ չինացիների հետ, փորձում է Հնդկաստանին ներքաշել Իրան-Հայաստան ուղու աշխատանքներին, հույս ունենալով, որ գոնե Հնդկաստանի մասով ԱՄՆ-ն խնդիրներ չի ստեղծի, սակայն պարզվում է, որ՝ ոչ, ԱՄՆ-ն հայտարարում է, որ բոլոր այն հնդկական ընկերությունները, որոնք կաշխատեն Իրանի հետ, պատժամիջոցների տակ կհայտնվեն:

Ահա և Փաշինյանի ռազմավարական գործնկերոջ պահվածքը, որի հետ նա ցանկանում է   հաստատել, «ռամավարական հարաբերություններ»:

Ինչպես ասում են՝ մեկնաբանությունները ավելորդ են:

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ոչ միայն Հայաստանի համար կբացի զարգացման նոր և իրական հեռանկարներ, այլև կփրկի երկիրը պետականության կորստից:

Սա է իրականությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ