18 05 2022

Փաշինյանը ցանկացել է աջակցություն ստանալ Պուտինից, սակայն մերժում է ստացել

Փաշինյանը ցանկացել է աջակցություն ստանալ Պուտինից, սակայն մերժում է ստացել

Zham.am-ը գրում է.

Երկու օր առաջ Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված չի եղել: Հիմնավորումն էլ այն է եղել, որ ընդամենը մեկ ամիս առաջ էին հանդիպել նրանք: Եվ զարմանալի չէր, որ նախօրոք հայտարարված օրակարգում նշված էր Պուտինի հանդիպումների մասին՝ Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ղրղստանի ղեկավարների հետ: Հայաստանն այդ շարքում չկար: Սակայն կրեմլյան աղբյուրների համաձայն, Փաշինյանի անձնական խնդրանքով Պուտինը կրկին իրեն էլ է ընդունել, որտեղ Փաշինյանը հատուկ շեշտել է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան բոլոր պայմանավորվածությունների կարևորության մասին:

Փաշինյանն այդ հանդիպումով փորձել է ցույց տալ հայ հանրությանը, որ Կրեմլը իրեն է վստահում հայաստանյան ընդդիմության հետ հակամարտության շրջանակներում:

Սակայն ռուսական կողմը, որպեսզի փարատի այդ պատկերը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսկերով՝ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ նշվել է, որ Մոսկվան չի խառնվում Հայաստանի ներքին գործերի մեջ:

Ըստ ռուսական աղբյուրների, Փաշինյանը ցանկացել է բացատրել, որ հայաստանյան ընդդիմությունը ընդանրապես է մերժում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան գրեթե բոլոր պայմանավորվածությունները, և որ իր հակառակորդների իշխանության գալու պարագայում, շեշտակիորեն մեծանալու է պատերազմի վտանգը:

Սակայն, ըստ ռուս դիտորդների, Մոսկվան չի ուզում այս հարցում միակողմանի աջակցել Փաշինյանին: Նախ Մոսկվայում զգուշանում են, որ եթե իրենք բացահայտորեն աջակցեն Փաշինյանին, ապա  հայաստանյան ընդդիմությանը կաջակցեն Արևմուտքում և Մոսկվան հերթական պարտությունը կկրի, այս անգամ Հայաստանում: Հիշենք, որ ցույցերի մասով առաջինը աջակցեցին ամերիկացիները, ապրիլի 18-ին հատուկ զգուշացնելով Փաշինյանին, որ «...ոչ համարժեք ուժի կիրառումը ցուցարաների հանդեպ անընդունելի է...»:

Այս քայլով ամերիկացիները, փաստացի «կապեցին» Փաշինյանի ձեռքերն ընդդիմության դեմ կոշտ միջոցների կիրառման հարցում: Ամերիկացիներին միացան եվրոպացիները, որոնք էլ ավելի կոշտ հայտարարությամբ հանդես գալով: Այս ամենից հետո, զգալով, որ կարող է հերթական անգամ ուշանալ քաղաքական գործընթացներից, Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչը հայտարարեց, որ հայ ցուցարարների կողմից տարածաշրջանի համար վտանգավոր տեսակետներ չեն հնչեցվել և այդ իսկ պատճառով Մոսկվան հայաստանյան իրադարձությունների մեջ չի ուզում խառնվել:

Այսպիսով Փաշինյանը վերջին մեկ ամսվա ընթացքում, փաստացի ստացավ «դեղին քարտ» միջազգային հիմնական խաղացողների կողմից: Դա, իհարկե, չի նշանակում, որ այս պահին միջազգային հիմնական խաղացողները «դուրս են գրել» Փաշինյանին: Պարզապես այս վիճակից նրանք ուզում են իրենց օգուտը քաղել: Օրինակ արևմտյան կուլիսներում չեն թաքցնում, որ դժգոհ են Փաշինյանի «չափից դուրս շատ ռուսամետ դիրքորոշումից», իսկ Մոսկվայում նյարդայնացած են, որ Փաշինյանը համաձայնվելով Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գործընթացին, շարունակում է մասնակցել նաև համանման բրյուսելյան գործընթացին: Իրենց այսպիսի դիրքորոշումով, նրանք, փաստացի, պատային վիճակի մեջ են դրել Փաշինյանին: Իսկ եթե դրան ավելացնենք այն, որ հայ հանրության մոտ նա գրեթե լիովին կորցրել է իր նախկին վարկանիշը, նշանակում է, որ այսօր քաղաքական տեսանկյունից հայտնվել է անելանելի վիճակում, որից ցանկացած ելք նրա համար նշանակելու է քաղաքական ինքնասպանություն, դրանից բխող հետևանքներով:

Սա է իրականությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ