Yerkir.am-ը գրում է․
ԽՍՀՄ-ի փլուզումը լավագույն առիթն էր, որպեսզի հայ ժողովուրդը վերացնի այն բոլոր հետևանքներն ու շեղումները, որոնք առաջացել էին խորհրդային տարիներին:
Հիշեցնենք՝ այդ ճանապարհով գնացին և՛ Ադրբեջանը, և՛ Վրաստանը, որոնք լուծարեցին խորհրդային տարիներին կազմավորված Հարավօսեթական և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզերը (Աջարիայի ինքնավարությունը ձևական պահպանվում է, քանզի այն լուծարելու դեպքում Աջարիան կարող էր անցնել Թուրքիային: Լայն ինքնավարություն տրվեց նաև փաստացի անկախացող Աբխազիային):
Վրաստանը, օրինակ, խորհրդային կարգերի հաստատումը երկրում համարեց անեքսիա, իսկ 1921 թ. փետրվարի 25-ին խորհրդային Կարմիր բանակի մուտքը Վրաստան` օկուպացիա և այլն:
Այսպիսով՝ Վրաստանն ու Ադրբեջանն ամբողջությամբ հրաժարվեցին ԽՍՀՄ ժառանգությունից և իրենց հայտարարեցին առաջին դեմոկրատական հանրապետությունների իրավահաջորդ:
Փաստենք՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Ադրբեջանին աշխարհը չհիշեցրեց, որ, ԽՍՀՄ ժառանգությունից հրաժարվելով, պետք է նաև վերանայել ինքնավար կազմավորումների կարգավիճակին և հետագա ճակատագրերին առնչվող հարցերը: Սա անհրաժեշտ էր հատկապես Վրաստանի և Ադրբեջանի պարագայում, քանի որ երկուսի դեպքում էլ ինքնավարությունների տարածքները այս կամ այն կերպ միակցվել էին դրանց, իսկ ինքնավարությունները կազմավորվել էին խորհրդային առաջին տարիներին:
Վրաստանը և Ադրբեջանը խորհրդային արհեստածին կազմավորումների հենքի վրա էլ ճանաչվեցին աշխարհի կողմից, անդամակցեցին ՄԱԿ-ին և միջազգային այլ կառույցների՝ միաժամանակ մերժելով խորհրդային ժառանգությունը, որի արգասիքն էին նաև այդ տարածքները:
Բայց այս պարադոքսն աշխարհը չտեսավ: Կամ տեսավ, բայց ոչինչ էլ տեղի չունեցավ...
Հայաստանը ևս անկախացավ և ճանաչվեց Խորհրդային Հայաստանի տարածքում: Բարձր գնահատելով խորհրդային տարիներին ունեցած տնտեսական-մշակութային, գիտական և արդյունաբերական խոշոր նվաճումներն ու ձեռքբերումները, այդուհանդերձ, հայ ժողովուրդը ևս մերժեց խորհրդային համակարգի թողած հետևանքներն ու գործի լծվեց՝ վերացնելու դրանք: ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց չմասնակցել ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին, որը տեղի ունեցավ 1991 թ. մարտի 17-ին։ Հայաստանի Անկախության հռչակագրում որևէ խոսք չկար Խորհրդային Հայաստանին իրավահաջորդության մասին, փոխարենը նշված էր՝ «...զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները...»:
Հայությունը մերժեց սովետական շրջանի կուշտ կյանքը, խանութներում փտող երշիկը, «Հրազդանն» ու «բուխանկան», կեսլիտրանոց օղիները, օրերով հացի հերթ կանգնեց, կրեց անասելի զրկանքներ, ոտքի կանգնեց և վերացրեց իր հանդեպ կիրառված անարդարությունների մի մասը, բոլոր այն արհեստածին վերաբնակեցումները, վարչական բաժանումներն ու ԽՍՀՄ ղեկավարության իրականացրած ծրագրերը, որոնք դեմ էին իր ազգային շահերին:
ԽՍՀՄ փլուզման շրջանում ազատագրելով ԼՂԻՄ-ն իր հարակից շրջաններով (դրանով հայոց պետականության տիտղոսի տակ անցան պատմական Սյունիք և Արցախ նահանգները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բազմաթիվ շրջաններ մաքրելով թյուրքական տարրից` հայ ժողովուրդը ստեղծեց Այսրկովկասում ապրելու, արարելու և պետականություն կերտելու համար նվազագույն պայմաններ:
Այս իրողությունը ևս տեսավ աշխարհը, և կրկին ոչինչ տեղի չունեցավ. ՀՀ-ն չճանաչվեց ագրեսոր պետություն, իսկ աշխարհը լավագույն հարաբերությունները հաստատեց Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ-ի հետ: Հայոց նորանկախ երկու հանրապետությունները զարգանում էին աշխարհի հետ և դրան համընթաց:
Բայց...
ՀՀ-ում և Արցախում պատմության աղբանոցից վեր կացավ և վերստին իշխանության եկավ տերպետրոսյանական կործանարար գաղափարներով ու ծրագրերով առաջնորդվող ստորաքարշ, ստրկամիտ ու հայրենադավ մի խմբավորում, որը մոլեգին կերպով հետ է շրջում պատմության անիվը, որը, հանձնելով ամեն ինչ թշնամուն, ուղղակիորեն վերականգնում է խորհրդային անարդար և ԽՍՀՄ կայսերական շահերին համահունչ ստեղծված իրավիճակը։
Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հրեշավոր գործարքի մեջ մտնելով և ազատվելով Արցախի «հոգսից»՝ նշված խմբավորումն այժմ էլ տենդագին կերպով վերականգնում է Հայաստանի՝ ավիսնուրիջանյանների, գևորգաթարբեկովների, Լենին-Ստալինի ձեռամբ իրագործված հայադավ ծրագրերի մի մասը, այն խայտառակ վարչական բաժանումն ու «սահմանային» պատկերը, որից 3 տասնամյակ առաջ հրաժարվեց հայ ժողովուրդը, սեփական զավակների արյամբ շտկեց դրանք՝ ընտրելով ծանրագույն, բայց արժանապատիվ ուղին...
Վահե Սարգսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը