19 10 2023

Քանի շատ ուշ չէ, հարկավոր է վերջ տալ տարօրինակ «խաղերին»․ «Փաստ»

Քանի շատ ուշ չէ, հարկավոր է վերջ տալ տարօրինակ «խաղերին»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի համար բալանսավորված արտաքին քաղաքականությունը միշտ էլ առաջնային է եղել՝ աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելուց խուսափելու համար, առավել ևս հիմա, երբ մեր երկիրը լուրջ անվտանգային խնդիրների առաջ է կանգնած։ Տարիներ շարունակ վարվող փոխլրացնող քաղաքականության արդյունքում Հայաստանը ձգտել է ապահովել և զարգացնել իր կապերը մի կողմից՝ Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ Արևմուտքի, մասնավորապես ԵՄ-ի հետ։ Այսպիսի հետևողական քաղաքականության արդյունքում է, որ ունենք եզակի մի իրավիճակ, երբ լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը միաժամանակ հասել է նրան, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ։

Պատահական չէ, որ երկու աշխարհաքաղաքական կենտրոնների հետ միաժամանակ համագործակցելու «և-և»-ի մոտեցումը գնահատվում է որպես ձեռքբերում՝ ի հակադրություն «կամ-կամ»-ի, որը ենթադրում է միայն աշխարհաքաղաքական կենտրոններից միայն մեկի հետ հարաբերությունների խորացում, այն էլ՝ մյուսի հաշվին։ Սակայն Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի առջև Փաշինյանի ելույթը լիովին հակասում է արտաքին քաղաքականության «և-և»-ի մոտեցմանը։ Խնդիրն այն է, որ նա եվրոպական այդ հարթակում հրապարակայնորեն բողոքեց կամ բամբասեց Ռուսաստանից։ Անգամ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այդպիսով Փաշինյանը հատուկ աջակցություն է ակնկալում ԵՄ-ից ու հիմքեր է ստեղծում ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորն ամբողջությամբ դեպի Արևմուտք ուղղելու համար։ Բայց ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ:
Փաստն այն է, որ դրանից օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում Փաշինյանը լուրջ դեմքով հավաստիացնում էր, որ Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխում։ Ըստ Փաշինյանի պնդման, պրոբլեմը Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները չեն, պրոբլեմը մեծ տերությունների հարաբերություններն են։ Բայց նրա քայլերը ռեալ քաղաքականության համատեքստում հակառակի մասին են վկայում։ Նա փորձում է չափազանց ճկուն երևալ, «խելացի խաղեր տալ», բայց այստեղ խնդիրը ճկունության հետ ընդհանրապես կապ չունի։ Հարցն այն է, որ նրա քայլերը ավելի շատ նման են «և-և»-ի քաղաքականությունը սրբագրելուն և «կամ-կամ»-ով փոխարինելուն, որովհետև «և-և»-ի մոտեցումը չի ենթադրում, որ պետք է հրապարակային բամբասես մի գործընկերոջից մյուսի մոտ։ Եթե որևէ գործընկերոջից էլ դժգոհության առիթ էլ կա, ապա պետք է այդ գործընկերոջ հետ նման խնդիրները պարզաբանել ու կարգավորել։
Իսկ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերը, առավել ևս, «խաղերը», որոնց կանոններին նույնիսկ չես տիրապետում, շատ վտանգավոր են։ Թերևս պետք է հաշվի առնել, թե ինչ է կատարվել հետխորհրդային տարածքի այն երկրների հետ, որոնք հայտնվել են Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական բախման հանգույցում։ Ուշագրավ է, որ ստրասբուրգյան ելույթի վերջում Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում հոտնկայս ծափահարությունների արժանացավ, ինչը այլ պայմաններում գուցե հպարտության առիթ լիներ, սակայն այս պարագայում չի կարելի լավ նշան համարել, քանի որ սա նման է «գլխի տակ փափուկ բարձ դնելուն», երբ որևէ մեկին զոհաբերում են հանուն իրենց նպատակների. հիշենք, որ նույն կերպ էլ Եվրոպական խորհրդարանում բուռն ծափահարությունների էր արժանանում Ուկրաինայի նախագահ Զելինսկին։ Սակայն դրանից Ուկրիանայի վիճակը չի բարելավվում, քանի որ պատերազմի արդյունքում այդ երկիրը շարունակում է մեծ թվով զոհեր ու կորուստներ ունենալ, իսկ Արևմուտքը որոշակի օգնություն տրամադրելուց այն կողմ ոչինչ չի ձեռնարկում։

Այսինքն՝ Արևմուտքը Ուկրաինային և ուկրաինացիներին ընդամենը ծառայեցնում է իր շահերին։ Պատահական չէ նաև, որ Ադրբեջանը հատուկ դիվանագիտական ջանքեր է ներդնում Հայաստանին Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական բախման կիզակետ մղելու համար։ Ու դա խոստովանել է նաև Փաշինյանն իր ելույթներում։ Բաքուն Եվրոպայում Հայաստանը ներկայացնում է որպես չափազանց ռուսամետ պետություն, որի հետ հարաբերություններում պետք է պատժամիջոցային տրամաբանությամբ առաջնորդվել։ Իսկ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը Ռուսաստանին է փորձում համոզել, թե Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքականության վեկտորը դեպի Արևմուտք, ուստի Մոսկվան պետք է կոշտ քայլեր ձեռնարկի Հայաստանի դեմ։

Ու մինչ աշխարհաքաղաքական բախման պայմաններում Հայաստանը կփորձի «տեղորոշվել», թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է գործի անցնել՝ ընդդեմ Հայաստանի: Այնպես որ, քանի շատ ուշ չէ, հարկավոր է վերջ տալ տարօրինակ «խաղերին» ու աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը համապատասխանեցնել մեր շահերին: Իսկ այստեղ-այնտեղ գործընկերներից բողոքելը, «շուստրիություն» երևակայելը նման է մազե «կամրջի» վրա տրնգի պարելուն, այն էլ՝ փոթորկի ժամանակ...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ