27 09 2020

Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ․ Թարմացվում է

Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ․ Թարմացվում է

09։27

Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում․ ՊՆ

09։13

Ադրբեջանը Սմերչ է կիրառել Արցախի ուղղությամբ

08։59

Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները․ Շուշան Ստեփանյան

08։48

Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները. ՊԲ-ն վերականգնել է կորցրած մի շարք դիրքեր

08։30

Մարտերը շարունակվում են․ ունենք նշանակալի հաջողություններ․ Արծրուն Հովհաննիսյան

08։26

Նահատակվել է ևս 15 զինծառայող․ Արցախի ՊՆ

 

27․09․2015

23։55

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայկական կողմի զոհերի անունները

23։26

Ադրբեջանական կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստները

22։40

Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

22։30

Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին

22։18

Սա լայնածավալ էսկալացիա է, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը. ԱԳ նախարար

21։40

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է գումարել

21։32

Հակառակորդը ճշտված տեղեկություններով ունի մոտ 200 մարդկային կորուստ. Արծրուն Հովհաննիսյան

21։15

Հայաստանը Ադրբեջանի հարցով դիմել է ՄԻԵԴ՝ երեք կետից բաղկացած պահանջով

21։00

Արցախում մարդկային և գույքային կորուստների, պատճառված վնասի առթիվ քրգործեր են հարուցվել

19։57

Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք. Արծրուն Հովհաննիսյան

18։40

Մենք էլ ունենք էական կորուստներ, հակառակորդն էլ. Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում է

18:33

«Հակառակորդը կորցրել է 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ և ՀՄՄ։ Արցախի ՊՆ նախնական տվյալներով, ցավոք, հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր»,- մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

17։54

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքում գրել է, որ հայկական կողմը ևս մեկ անօդաչու են խփել:

Նա ավելի վաղ նաև գրել էր.

«Ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները։ Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն»։

 

17։23

Ղազախստանը խորին մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական հակամարտության էսկալացիայի կապակցությամբ, որը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում, ասվում է Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Կոչ ենք անում բարեկամական Ադրբեջանին և Հայաստանին միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար, հրաժարվել ուժային միջոցների կիրառումից և սկսել բանակցությունները:

Պատրաստ ենք աջակցել հակամարտության խաղաղ լուծման համար խաղաղ ուղիներ փնտրելու գործում միջազգային կազմակերպությունների հարթակներում: Որպես «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» նախագահ՝ առաջարկում ենք օգտագործել Խորհրդակցության վստահության միջոցների առկա փաթեթը»,-ասվում է Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

17։10

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում․

«Սիրելի հայրենակիցներ, Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով։ Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։ Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը։ Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու ևս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94թթ․, միահամուռ ուժերով ջաղջախենք թշնամուն։ Վստահ եմ․ հայկական զինված ուժերը, իրենց թիկունքում ունենալով ողջ աշխարհասփյուռ հայության միակամ աջակցությունը, ի զորու են պաշտպանել Արցախի Հանրապետությունը ու հաղթանակ ապահովել»։

16։40

Հրապարակվեց Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը

16։33

ԿԽՄԿ-ն կոչ է անում շփման գծում ապահովել բոլոր միջոցները՝ քաղաքացիների կյանքը խնայելու համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում ս․թ․ սեպտեմբերի 27-ի առավոտվանից շփման գծին ուժգնացած ռազմական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից։

 

16։31

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կոչ է անում հայրենակիցներին չտրվել սադրանքների

Մոսկվայում ՀՀ դեսպանատունն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ֆոնին ռուսաստանաբնակ իր հայրենակիցներին կոչ է արել ցուցաբերել զգուշություն և չմասնակցել մասնավոր նախաձեռնությունների ու հավաքների, ինչպես նաև ցանկացած սադրանքի դեպքում կապ հաստատել դիվանագիտական ներկայացուցչության հետ։ 

 

16։16

Դադարեցնել ռազմական գործողությունները, մասնավորապես՝ գյուղերի և քաղաքների գնդակոծումը. Գերմանիայի արտգործնախարար

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հակամարտության կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, մասնավորապես՝ գյուղերի և քաղաքների գնդակոծումը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվեն ուժային մեթոդներից՝ հօգուտ առարկայական բանակցությունների»,-ասել է դիվանագետը:

Վերջինս ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը կարելի է լուծել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջորդությամբ բանակցությունների միջոցով:

 

16։07

ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին՝ Արցախի բնակչության նկատմամբ զինված հարձակումների հարցով

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել և ուղղել ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Պաշտպանի գրություններում շեշտվել է, դպրոցները, տները և քաղաքացիական այլ օբյեկտներ հարձակման տակ են առանց խտրականության՝ իրական վտանգ առաջացնելով կանանց, երեխաների և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումները Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են։

 

15։57

Ադրբեջանից հայտնում են փոխգնդապետի կորստի մասին

Հայտնի են դառնում ադրբեջանական կորուստների մասին առաջին տեղեկությունները: Ադրբեջանցի  ընդդիմադիր լրատվակայքերից մեկի համակարգողը հայտնել է կորուստներից մեկի անունը՝ փոխգնդապետ Մեհման Շիրանով (Mehman Şirvanov): Այս մասին հայտնում է Razm.info-ն։

Ավելի վաղ՝ մոտ մեկ ժամ առաջ ադրբեջանական սոցցանցերում խոսակցություններ կային Շիրանովի սպանվելու մասին:

 

15։56

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել Արցախում տիրող իրավիճակի առթիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ: Նրանք նաև կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին վերսկսել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները: ԵԱՀԿ հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի օգտագործումը և ցավում ենք կյանքերի անտեղի կորուստների համար, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Համանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կարգավորման հարցում կայուն լուծում գտնելու համար», - նշված է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ

 

15։22

Հրահանգ եմ տվել պատրաստ լինելու՝ առաջին իսկ հրահանգի դեպքում մեկնել սահման․ Սասուն Միքայելյան

Այսօր առավոտյան ժամը 8։00-ին ես հրաման եմ տվել բոլոր մարզային բաժանմունքների նախագահներին բոլոր մարզերում, Երևան քաղաքում՝ պատրաստ լինելու՝ առաջին իսկ հրահանգի դեպքում մեկնել սահման։ Այս մասին այսօր հայտարարել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Միքայելյանը հավաստիացրել է, որ երկրապահները միշտ պատրաստ են պետության, զինված ուժերի հրամանատարության ներքո պաշտպանել հայրենիքը։

«Մի առիթով ես ասել եմ, որ 90-ականներից պատերազմը սկսվել է և չի ավարտվել։ Եվ  այսօր էլ շարունակվում է։ Այս քայլով Ադրբեջանը մեզ հնարավորություն է տվել, որ մենք վերջնականապես մեր հաղթանակը կնքենք», - ասաց ԵԿՄ վարչության նախագահը։

Նրա խոսքով՝ սա կլինի վերջին պատերազմը։ Միքայելյանն ասաց նաև, որ երկրապահները համախմբված են և սպասում են պաշտպանության նախարարի հրահանգին։

Սասուն Միքայելյանը հիշեցրեց նաև, որ Ադրբեջանը նախորդ պատերազմում պարտվեց՝ թեև ուներ զինտեխնիկայի և մարդուժիի հսկայական առավելություն։

«Այս անգամ առավել ևս պարտվելու են, քանի որ մեր բանակը ինչպես միշտ մարտունակ է և համալրված ժամանակակից տեղնիկայով», - եզրափակեց Միքայելյանը։

 

15։11

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողություններին հակազդելուն, Զինված ուժերի կողմից դրանց արժանի հակահարված տալուն և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

 

15։01

Նախնական տվյալներով` Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ ու տասնյակ վիրավորներ. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն: Այս մասին տղեկացնում է ԱՀ ՄԻՊ-ը:

Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերի (ներառյալ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Շուշի քաղաքները):

Նախնականորեն քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր: Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների:

Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների, վնասվել են նաև որոշ դպրոցներ:

14։57

Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, 10 տանկ

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ:

Արցախի Հանրապետության զինված ուժերի մարտակարգերին, մշտական տեղակայման վայրերին ու խաղաղ բնակավայրերին հասցվել են հարվածներ հրետանային համակարգերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:

ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:

14։50

Եվրախորհրդի ղեկավարը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԼՂ հակամարտության կողմերին անհապաղ կրակի դադարեցման և բանակցային սեղանի շուրջ վերադարձի կոչ է արել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռազմական գործողություններն անհապաղ պետք է դադարեցվեն, որպեսզի կանխվի հետագա սրումը: Անհապաղ վերադարձ բանակցային գործընթացին՝ առանց նախապայմանների. սա է առաջ շարժվելու միակ ուղին»,-իր թվիթերյան էջում գրել է պաշտոնյան:
 
Հիշեցնենք, որ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

14։13

Հակառակորդի հրետակոծության հետևանքները՝ Ստեփանակերտում

Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Տեսանյութը ներկայացնում է վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տները: Մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել, առողջություն Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկին...

 

13։58

ՌԴ-ն կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, զոհերի և վիրավորների մասին տեղեկությունների կապակցությամբ: Ընդգծվել է վաղ զինադադարի անհրաժեշտությունը», - հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ «Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը»:

 

13։54

Իրականում Ադրբեջանում դեռ մեկ շաբաթ առաջ էր սկսվել պահեստազորայինների հավաքներ․ Razm.info

Ադրբեջանի Զորահավաքի և զորակոչի պետծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ պահեստազորայինների հավաք հնարավոր է լինի, սակայն այս պահին դրա կարիքը չկա: Գրում է Razm.Info-ն։

Իրականում Ադրբեջանում դեռ մեկ շաբաթ առաջ էր սկսվել պահեստազորայինների հավաքներ: Ադրբեջանցիները պնդում էին, թե դրանք պարզապես պլանային հավաքներ են, մարտական վերապատրաստումների համար:

13։36

Հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ․ ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

13։27

Ադրբեջանական հարձակման պատճառով կան էլեկտրամատակարարման, խափանումներ. ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն այսօր կայացած ասուլիսում վերահաստատել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո, պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված մարտական խնդիրը և արժանի հակահարված տալիս հակառակորդին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ  տեղեկատվական շտաբը:

ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը ներկայացրել է առողջապահական համակարգի անելիքները, նշելով, որ բուժհիմնարկները բերվել են առաջին պատրաստության: Ցավոք, ունենք վիրավորներ և զոհեր:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանի խոսքով, ադրբեջանական զինուժի հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ: Կան էլեկտրամատակարարման, գազամատակարարման խափանումներ, որոնց կարգավորման առումով արդեն մեկնարկել են անհրաժեշտ աշխատանքները: Ջրամատակարարման, կապի և ճանապարհների անցանելության առումով այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ և խափանումներ չունենք:

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

 

13։22

Ադրբեջանի զինուժի ձեռնարկած գրոհները հաջողությամբ հետ են մղվում․ հակառակորդն ունի կորուստներ․ ՊՆ

Պաշտպանության բանակի  ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում Ադրբեջանի զինուժի ձեռնարկած գրոհները, հակառակորդն ունի կորուստներ։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում։ Հակառակորդն ունի կորուստներ»,-նշել է Ստեփանյանը:

13։13

Ադրբեջանի կողմից ագրեսիան նախապես պլանավորված է եղել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան նախապես պլանավորված է եղել: Այս մասին վարչապետը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի մշտադիտարկումների մերժումը ցույց է տալիս, որ ագրեսիան նախապես պլանավորված էր և լայնամասշտաբ սադրանք էր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության դեմ:

Նշենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ:

13։00

Հայկական կողմից զոհվել է 10 զինվորական․ Սամվել Բաբայան

12։46

Արցախում հաստատվել է ռազմական դրություն. ի՞նչ սահմանափակումներ են գործելու

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Ազգային ժողովում քիչ առաջ հայտարարեց ռազմական դրության և տասնութից բարձր տարիքային խմբի համար համատարած զորահավաքի մասին։

Արցախում ռազմական դրություն հաստատելու ռեժիմը կարգավորված է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքով։

Հիշյալ օրենքի համաձայն՝ Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Արցախի Հանրապետության նախագահն ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք: Արայիկ Հարությունյանի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ խոսքը ընդհանուր զորահավաքի մասին է։

 

12։45

 
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը․
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
 
Այս պահին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամում պատճառելով ծանր կորուստներ:
Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:
Արդեն իսկ ակներև է, որ դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար, վստահ եմ, խստագույնս կպատժվեն:
 
Այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն:
 
Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ,
Միասնության շնորհիվ են կերտվել մեր պատմության բոլոր հաղթանակները: Վստահ եմ, որ այս վճռական պահին մենք միասնաբար, պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն»:

12։40

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ.

Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:

Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»։

 

12։27

ՀԱՊԿ-ը մեկնաբանում է պատերազմական իրավիճակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)  հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է կառույցի մամուլի խոսնակ Վլադիմիր ԶԱյնետդինովը: «Կարծում ենք, որ տվյալ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով: Դրա համար գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված մեխամիզմ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, ոըը զբաղվում է հակամարտության կագավորմամբ»,- ասել է Զայնետդինովը:


Նա հայտնել է, որ Հայաստանն օգնության համար չի դիմել կառույցին՝ կապված շփման գծում իրավիճակի սրման հետ:
Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան հակառակորդը հարձակում է գործել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռազմական դրություն և զորահավաք է հայտարարել:
Արցախի ՊԲ-ը համաչափ պատասխան է տվել հակառակորդին՝ պատճառելով նյութական և մարդկային կորուստներ:
Ցավոք, հայկական կողմն ունի զոհեր խաղաղ բնակչության շրջանում. Մարտունու շրջանում զոհվել է մեկ կին և երեխա: Կան նաև վիրավորներ:
Քիչ առաջ հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ն՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել:

12։15

Կառավարությունը կքննարկի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարցը․ Փաշինյան

Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք հայտարարելու հարցը:

Այս մասին գրառում է կատարել ՀՀ Վաչապետ Նիկոլ Փաշինյնաը:

«Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը: Հպարտ, հաղթո՛ղ ժողովուրդ»:

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա:

Հարձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։

12։13

Ադրբեջանական տանկերի ոչնչացումը

«Զինուժ մեդիան» տարածել է տեսանյութ, թե ինչպես են խոցվում ադրբեջանական տանկերը:

12։05

Ի՞նչ կորուստներ է կրել քաղաքացիական բնակչությունը հակառակորդի կրակոցների արդյունքում. տեսանյութ

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը տարածել է տեսանյութ, թե ինչ վնասներ է կրել քաղաքացիական բնակչությունը Ադրբեջանի կրակոցներից հետո: Նշենք, որ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը և կրակել են մեծ տրամաչափի զենքերով։

11։33

Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ  է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի  զրահատեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են»,– ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժը Արցախի շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ հարձակում է սկսել։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր։ 

11։25

Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի: Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա: Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները: Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը: Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»: Նա նաև տեղադրել է ելույթը Արցախի խորհրդարանում։

11։23

ՀՀ Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոչնչացվում թշնամու տանկն ու մարդուժը։

11։07

Վաղ առավոտից սահմանագծի ողջ երկայնքով Ադրբեջանը նախաձեռնել է անկանոն ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը, քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են: Այս ծայրահեղ մտահոգիչ լուրերը պաշտոնապես հաստատվել են նաև Արցախի Պաշտպանության բանակի և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, ասված է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հայտարարությունում:

«Մեծածավալ խախտումներ և վնասներ են պատճառվել քաղաքացիական բնակչությանը: Հայ երեխաների, կանանց և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին քայլեր ձեռնարկել և ուղղել իրենց բոլոր ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը», - ասված է ՄԻՊ հայտարարությունում:

 

11։02

Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:
Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա հայտնում է նաև, որ հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում:

10։41

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:

Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել:

 

10:31

Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ:

10:13

Գործողությունները վաղուց պլանավորված են եղել. ՊՆ խոսնակ

«Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։

Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»։

10:08

ՊԲ-ն հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները․ ԱՀ նախագահի խոսնակ

Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։ Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները»,- գրել է նա։

9:21

Արցախի խաղաղ բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել ու փողոց դուրս չգալ․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախի խաղաղ բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը»:

9:05

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ․ ՊՆ խոսնակ

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են»։

 

9:00

Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ. Մարտերը շարունակվում են. ՊՆ խոսնակ

Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»:

8:12

Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Նիկոլ Փաշինյան

Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. 
«Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։ 
Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։ 
Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։ 
Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը»։

 

8:10

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաև Ստեփանակերտը

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել․ այս մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ