Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ:
Արցախի Հանրապետության զինված ուժերի մարտակարգերին, մշտական տեղակայման վայրերին ու խաղաղ բնակավայրերին հասցվել են հարվածներ հրետանային համակարգերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:
ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը