Հարձակումն սկսվեց սահմանի ողջ երկայնքով՝ Օմարից մինչեւ Արաքս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արդյունքները՝ ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ եւ հարավային թեւում: Ունենք տասնյակ զոհեր, տասնյակ վիրավորներ: Ունենք տասնյակ վիրավորներ ու զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Առաջին զոհն ունեցել ենք առավոտյան Մարտունիում: Կարծես նույնը, ինչպես ապրիլյան օրերին, բայց մասշտաբներն անհամեմատելի: Ամբողջ երկայնքով մեկ: Ուզում եմ ասել, որ մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան:
Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքը, անօդաչուներ եւ ինքնաթիռներ: Այդ նույն F-16-ները, որոնք ամսից ավելի գտնվում են Ադրբեջանի տարածքում սովորական զորավարժության անվան տակ, օգտագործել են մեր դեմ առավոտից մինչեւ այժմ: Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: Ոչ միայն ինքնաթիռներ, անօդաչուներ, այլեւ առկա են զորամիավորումներ, զինվորականներ եւ այլն: Չեմ խոսում այլ երկրներից կամավորականների ու վարձկանների մասին: Արցախը կռվում է միայն օգտագործելով Արցախի ՊԲ ուժերը: Իհարկե, կլինեն նաեւ կամավորներ միայն Հայաստանից»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը