Հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Հայաստանի դեղատներում իրացվում է «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելում, որը, համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ:
Ստացված հաղորդագրության հիմքով՝ տեսչական մարմնի կողմից իրականացվել է պետական վերահսկողություն «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ում: Պարզվել է, որ «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ն վերը նշված կեսաբանական ակտիվ հավելումը (150 տուփ) ձեռք է բերել ֆիզիկական անձից և հետագայում իրացրել դեղատներում:
Քանի որ կենսաբանական ակտիվ հավելումներում սինթետիկ դեղանյութի առկայություն չի թույլատրվում, ուստի «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելումը, համաձայն սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ կեղծված սննդամթերք է:
Միաժամանակ պարզվել է, որ արտադրանքը չի ուղեկցվել անվտանգությունը հավաստող փաստաթղթով (Եվրասիական տնտեսական միության տարածքում չի ենթարկվել պետական գրանցման) և իրացվել է առանց հայերեն մակնշման:
ՍԱՏՄ-ի կողմից իրականացված վերահսկողության շրջանակներում «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ի տնօրինությանը տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական գործողությունները իրացման կետերում, մասնավորապես՝ դեղատներում, եւ քաղաքացիներին հորդորում է ուշադիր լինել, չգնել «Yong Gang» կոչվող կենսաբանական ակտիվ հավելումներ, իսկ դեղատներում կամ այլ իրացման կետերում նշյալ ապրանքատեսակը նկատելու դեպքում զանգահարել Սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի թեժ գծի 010206040 կամ 012906090 հեռախոսահամարներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը