18 03 2019

«Գում»-ի շուկայում կատվի կերած միսը ոչնչացվել է

«Գում»-ի շուկայում կատվի կերած միսը ոչնչացվել է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից այսօր համացանցում տարածված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի թիվ 2 շուկայի («Գում»-ի շուկա) ներսում գործող մսի տաղավարներից մեկում կատուն թաթերի վրա ձգված ուտում կախված միսը, գրանցվել է որպես ահազանգ, և արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր: Ինչպես հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ խորը սառեցված 9,5 կգ խոզի միսը վաճառողի կողմից արդեն հանված է եղել վաճառքից և առանձնացվել է որպես շան կեր օգտագործելու համար: Տնտեսվարողի համաձայնությամբ՝ տեսչական մարմնի մասնագետների կողմից մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է:

Տնտեսվարողին հանձնարարվել է միսը վաճառել միայն սառնարանից: Մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները ՍԱՏՄ մշտական ուշադրության կենտրոնում են, և լուծումը կարող է լինել միայն համակարգային: Դեռևս մինչև միջադեպի արձանագրումը՝ այսօր առավոտյան, Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանձնարարել էր հանդիպում կազմակերպել այն տաղավարների սեփականատերերի հետ, որոնք միսը վաճառում են ոչ սառնարանային պայմաններում՝ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները քննարկելու համար:

ՍԱՏՄ-ի կողմից լուծումներ կառաջարկվեն, իսկ դրանց չկատարման դեպքում կհետևեն վարչական պատասխանատվության կոնկրետ միջոցառումներ:Եվս մեկ անգամ տեսչական մարմինը հորդորում է չգնել ոչ սառնարանային պայմաններում վաճառվող միս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ