ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել սպանդանոցներ արդեն կառուցող և կառուցման հայտ ու նախագիծ ներկայացրած 25 տնտեսավարողներ հանրապետության բոլոր մարզերից: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ողջունել է նրանց պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը՝ վստահեցնելով, որ ՍԱՏՄ-ը պատրաստ է տրամադրել համապատասխան խորհրդատվական աջակցություն սպանդանոցների կառուցման աշխատանքներն ավարտելու և շահագործման հանձնելու համար: Հիշեցնելով, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար, ՍԱՏՄ ղեկավարը շեշտել է, որ սպանդանոցային ծագման մսեղիքով սպառողներին ապահովելու համար ներդրվելու են առավելագույն ջանքեր:
Տնտեսվարողները խոսել են սարքավորումների ձեռքբերման, տարածքների կառուցապատման, սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև ֆինանսական ներդրումների հետ կապված խնդիրների մասին: Նրանք նշել են, որ իրենց համար կարևոր է աշխատակիցների վերապատրաստման հարցը:
Տեսչական մարմնի պատասխանատուները պարտավորվել են ոչ միայն տրամադրել սպանդանոցներին ներկայացվող պահանջները, այլև, ՍԱՏՄ մասնագետների մասնակցությամբ, անցկացնել դասընթացներ մսի սպանդանոցային ծագումը վկայող էլեկտրոնային անասնաբուժական ձևաթուղթ տրամադրելու կարգի մասին, ներգրավել միջազգային փորձագետներ՝ սպանդանոցների աշխատակիցների վերապատրաստման համար: Մասնագետները ներկայացրել են նաև սպանդանոցների կառուցման մի քանի տարբերակներ և նվազագույն ծախսերով միջազգային պահանջներին համապատասխանող սպանդանոց հիմնելու հնարավորությունները:
Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, այդ թվում և՝ սպանդանոցների նկատմամբ, Տեսչական մարմինը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը