Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ լրատվական բաժինը:
Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշը գերազանցել է սահմանված նորմը (20մգ/կգ-ի փոխարեն 25.419 մգ/կգ), ինչպես նաև արտադրատեսակի մակնշման մեջ բացակայել է կալիումի և նատրիումի ֆերոցիանիդի (E 536) քանակությունը հավաստող տեղեկությունը:
Տեսչական մարմնի կողմից տնտեսվարողին տրվել է գրավոր կարգադրագիր «Սոլտեքս» ՍՊԸ-ի պահեստում առկա 500կգ ընդհանուր քանակով նշված արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու և օգտահանելու համար, ինչպես նաև՝ մակնշման մեջ ավելացնել կալիումի և նատրիումի ֆերոցիանիդի քանակությունը հավաստող տեղեկատվությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը