06 08 2022

Մենք չեղած գործով երկու կալանավորված ունենք՝ Տարոն Մանուկյան և Գոռ Սարգսյան․ պաշտպան

Մենք չեղած գործով երկու կալանավորված ունենք՝ Տարոն Մանուկյան և Գոռ Սարգսյան․ պաշտպան

Նյութը՝ News.am

Դատարանի որոշումը դեռեւս չենք ստացել, սակայն վստահ եմ, որ Տարոն Մանուկյանին եւ Գոռ Սարգսյանին կալանավորված թողնելու հիմքում այլ քաղաքական գործեր են, որոնցով իրենք նախկինում անցել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Աբգար Պողոսյանը՝ պարզաբանելով, թե ինչու են միեւնույն գործով անցնող հինգ դաշնակցական երիտասարդներին ազատ արձակել, իսկ Գոռ Սարգսյանը եւ Տարոն Մանուկյանը շարունակում մնալ կալանավորված։

«Բոլոր տղաների մեղադրանքը նույնն է, սակայն Տարոն Մանուկյանը նոյեմբերի 10-ի գործով մեղադրյալ է, իսկ Գոռ Սարգսյանը ցույցերից մեկի ժամանակ հնչեցրած արտահայտությունների համար դատվածություն ունի։ Սա դատարանն ընդունել է որպես նոր արարք կատարելու ռիսկը։ Ըստ էության՝ այդ երկու քաղաքական գործերն ազդել են վճռի վրա։ Մյուս տղաների համար միակ հիմքը գործին խոչընդոտելն էր, որովհետեւ իրենք այլ գործերով չեն անցել»,- նշեց Պողոսյանը։

Գործով հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 15-ին։ Նիստի ընթացքում հարցաքննվելու են դեպքին ականատես եղած ոստիկանները։

«Խուլիգանությունն այս փուլում վերջնականապես հերքվել է։ Չկան նոր հանգամանքներ, նոր վկաներ, որոնք խուլիգանության հետ կապված կարող են նոր ապացույց առաջ քաշվել։ Ստացվում է, որ մենք չեղած գործով երկու կալանավորված ունենք»,- ընդգծեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թ․ մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետեւող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետեւ իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի՝ Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտիրոսյանին, Տարոն Մանուկյանին,  Հոսիեկ Սարկիսյանին, Գոռ Մաթեւոսյանին, Գեւորգ Մուրադյանին եւ Վելիխան Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ