17 06 2022

Նոր մեքենաներ, «Աերոտաքսի» գրություն․ սահմանվեց օդանավակայանի տաքսիների լիցենզավորման կարգը

Նոր մեքենաներ, «Աերոտաքսի» գրություն․ սահմանվեց օդանավակայանի տաքսիների լիցենզավորման կարգը

ՀՀ կառավարությունը հաստատեց օդանավակայանից մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ կատարելու լիցենզավորման կարգը։

Նախկինում ուղևորափոխադրումների կազմակերպումը օրենսդրական առանձին կարգավորում չուներ։

«Դրա հետևանքով այնտեղ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողների կողմից դրսևորվում է անընդունելի վարքագիծ ինչպես ուղևորների, այնպես էլ միմյանց նկատմամբ, պատվերը ձեռք էր բերվում բանավոր հավաքագրելու միջոցով՝ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին և հյուրերին: Ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են, բազմագույն, տհաճ արտաքին տեսքով: Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները եւ զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար»,- նշված է նախագծում։

Լիցենզավորում ստանալու համար կազմակերպությունը կամ ԱՁ–ն լիցենզիա ստանալու համար պետք է ներկայացնեն ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի, սեփականության վկայականի պատճենը, ուղեսրահում տեղադրված սակաչափիչի ստուգաչափված լինելու մասին տեղեկանք, ծառայություն մատուցող ավտոմեքենաների լուսանկարները։

Բացի այդ, ահմանվել է, որ օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող ավտոմեքենան պետք է լինի մինչև 7 տարվա արտադրության, սպիտակ գույնի, գործարանային վառելիքային համակարգով, ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով և «Աերոտաքսի» գրառմամբ ու տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։

Լիցենզավորման նոր կարգի մասին ընդունված որոշումն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի օգոստոսի 9-ից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ