Հունվարի 8-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օր սահմանելու և Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներում սլոթերի քանակի փոփոխության վերաբերյալ հարցերը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ անդամները առաջնորդվելով «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի դրույթներով՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օր են սահմանել. 2021 հունվարի 14-ը՝ մարզային սփռման մրցույթների համար, իսկ հունվարի 15-ը՝ հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների համար:
Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, փոփոխություն է կատարվել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթում սլոթերի քանակների հետ, քանի որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել է «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում սլոթերի քանակը սահմանվել է 5, նախկին 6-ի, իսկ մայրաքաղաքային սփռման մրցույթում՝ 7, նախկինում հաստատված 9-ի փոխարեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը