20 01 2021

Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող տնտեսավարող սուբյեկտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 81 կողմ, 29 դեմ և 3 ձեռնպահ ձայներ:

 

Այսպիսով` առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին: Առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաների և ինժեներատեխնիկական անձնակամի որակավորմանը ներկայացվող պահանջները, բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը:

Նախագծով սահմանվում է, որ շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման: Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը արգելվում է: Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արեւի ուղիղ ճառագայթներից, ձյան եւ անձրեւի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց եւ այն պետք է ապահովի հասանելիությունը գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունը ստուգելու նպատակով:

 

Նախագծով սահմանվում են նաև վերահսկողական լծակներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին: Ակնկալվում է գազաբալոնային համակարգով վերասարքավորված տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության  բարձրացում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ