«Հրապարակ»-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանը վերջապես մեզ լուսավորեց: Պարզվում է՝ ոչ թե ուզում են «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանին «սխոդու» ենթարկել քրեաիրավական պատասխանատվության, այլ որոշակի հանգամանքներ քննելուց հետո: Ի մասնավորի, Գլխավոր դատախազությանն անհանգստացրել է Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածի մի նախադասություն, որտեղ խոսք կա տիկին սոցապնախարարի եւ ՀՀ վարչապետի հնարավոր «համագործակցության» մասին:
Ահա այդ նախադասությունը. «...իմքայլական սոցապնախարարի հետ սերտ համագործակցությամբ յուրացրել է մեր ամենակարիքավոր քաղաքացիների նպաստներից...»: Մեր հարգելի գործընկեր Գոռ Աբրահամյանի վստահեցմամբ՝ այս նախադասության մեջ առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ եւ, ըստ այդմ՝ քրեական գործ հարուցելու հիմքեր: Ճիշտն ասած՝ դեմ չեմ, որ այդտեղ կան ինչ-ինչ հատկանիշներ եւ հիմքեր, բայց զարմանում եմ, որ մեր դատախազությունում նշված առերեւույթ հանցագործության եւ քրեական գործ հարուցելու մասին հիշել են այսօր: Իսկ ինչո՞ւ, սա շատ հետաքրքիր է, սոցապնախարար Զարուհի Բաթոյանը (որքան հասկացա՝ նա է դատախազությանը տեղյակ պահել սույն հոդվածի մասին) նույն նախաձեռնողականությունը հանդես չբերեց 1-1.5 տարի առաջ, երբ նույն Էդիկ Անդրեասյանի ստորագրությամբ մեկը մյուսի հետեւից նկարազարդ հոդվածներ հրապարակվեցին այն մասին, որ միայնակ նպաստառու հաշմանդամ կնոջ տունը փլվել է, իսկ նրա «Փարոսը»՝ կտրվել: Այդ նյութերը կան համացանցում, եւ ես տիկին Բաթոյանին ու հարգելի Գլխավոր դատախազությանը խորհուրդ կտայի ուսումնասիրել, որովհետեւ դրանք կարող են պետք գալ Գոռ Աբրահամյանի նշած հոդվածներով քրեական գործ հարուցելու պարագայում: Ի դեպ՝ մեր հիշատակած քաղաքացին դիմել է նաեւ ԱԺ ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցություններին: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է սոցապնախարար Զարուհի Բաթոյանին, իսկ վերջինիս անհոդաբաշխ պատասխանը վերջնականապես հուսախաբ է արել քաղաքացուն:
Ցանկության դեպքում հարգելի իրավապահները կարող են գտնել նաեւ նամակագրությունը, որից պարզ է դառնում թե՛ քաղաքացու ծայրաստիճան ծանր վիճակը եւ թե՛ սոցապնախարարության անվրդով կեցվածքը: Վերջում կուզենայի երկու խոսք ասել նաեւ Գոռ Աբրահամյանի հետաքրքիր բառապաշարի մասին: Ես միայն պարոն Աբրահամյանի պարզաբանումից հետո իմացա, որ կարող է նաեւ ոստիկանությունից լինել «ինչ-որ զանգ»: Ինձ միշտ թվացել է, որ ոստիկանությունից, մինչեւ խիստ անհրաժեշտություն չի լինում, քաղաքացիներին եւ առավել եւս խմբագրություններ, չեն զանգում: Ու քանի որ դա իրոք այդպես է, իսկ դատախազության անհանգստությունն էլ՝ հիմնավոր, կարծում եմ, որ իմաստ չուներ «Մեդիա պաշտպան» հասարակական կազմակերպությանն այդքան կոշտ արձագանքել՝ իր առաքելությունը կատարելու եւ ըստ էության իրեն առնչվող այս հարցով անհանգստանալու համար:
Իշխանության ներկայացուցիչներին կարգի հրավիրելու հարցերում միշտ պատրաստ եմ համագործակցել հայրենի դատախազության հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը