Կոմիտաս փողոցում երկու անձի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Իրականացվել է դեպքի վայրի զննություն, վնասվածքներով բուժհաստատություն տեղափոխված երկու անձինք ճանաչվել են տուժող։
Քննիչներն այնքան օպերատիվ են գործել, որ անմիջապես այցելել են բուժկենտրոն, այնտեղ նրանց հարցաքննելու համար։
Տուժողներից մեկը հարցաքննվել է, մյուսի հետ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել վերջինիս առողջական վիճակով պայմանավորված։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Տարածքում տեղակայված տեսագրող սարքերի պարունակությունը վերցնելու հանձնարարություն է տրվել, ոստիկանությանը հանձնարարվել է նաև հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, քննությանը հետաքրքրող այլ հանգամանքներ պարզելու վերաբերյալ։ Այսինքն անհետաձգելի բոլոր գործողությունները կատարվել են, և դրանք շարունակվում են նաև այսօր»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը