15 08 2024

Մի փչացրեք իշխանավորներին․ «Հրապարակ»

Մի փչացրեք իշխանավորներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Եթե ես լինեի ուսուցիչ, ամեն օր դասարան մտնելիս մի նախադասություն կկրկնեի. «Սիրելի աշակերտներ, չի կարելի քծնել մեծ ու փոքր պաշտոնյաներին, դա նրանց փչացնում է և դուք ակամայից նպաստում եք, որ վատ իշխանություն ունենաք»: 

Եթե ես դասագիրք գրեի կամ հանրային հարթակներից ելույթ ունենալու հնարավորություն ունենայի, պատգամավոր ու դասախոս լինեի` բոլոր հնարավոր առիթներով կկրկնեի. «Հարգելի ժողովուրդ, մի փչացրու քո իշխանությանը` մի քծնիր, մի շողոքորթիր, լայնաբերան մի ժպտա, մի գրկախառնվիր, հետը մի լուսանկարվիր...այդ բոլորն անդառնալիորեն փչացնում են նրան»: Որովհետև երբ դու որևէ պաշտոնյայի ժպտում ես ու ողջագուրվում, նա դա շփոթում է անկեղծ սիրո ու համակրանքի հետ: Երբ նրա հետ լուսանկարվում ես, նա կարծում է, թե այդ լուսանկարը դառնալու է քո տան ամենաթանկ մասունքը: Անգամ երբ դու նրան հարգալից տոնով ես դիմում, չես առարկում, քո դժգոհությունները չես բարձրաձայնում` նա կարծում է, թե համաձայն ես իր հետ, իր վարած քաղաքականության ու իր որդեգրած քաղաքական կուրսի հետ: Նա կարծում է, թե դու գոհ ես քո կյանքից և այդ ուրախ կյանքը հենց ինքն է քեզ պարգևել: 

Պետք է հիշել, որ այսօրվա պաշտոնյաներն այնքան հասուն և խելացի չեն, որ տարբերեն պարզ քաղաքավարությունը` սիրուց ու համակրանքից, հայկական ավանդական հյուրասիրությունը` իրենց քաղաքական հայացքները կիսելուց, իր պաշտոնից ակնկալվող օգուտն ու քծնանքը` իր անձի, իր կուսակցության, իր կառավարության հանդեպ հարգանքից: 

Եթե ես ընդդիմադիր քաղաքական գործիչ լինեի` կոչով կդիմեի մեր հանրությանը. «Հարգելի ժողովուրդ, մի աշխատեք ջերմ ընդունելության արժանացնել ձեր մարզ, գյուղ այցելած վարչապետին», դա նրա ոտքը կտրում է գետնից, նրան թվում է, թե ինքը ջերմորեն սիրված է ժողովրդի կողմից: Նրան թվում է, թե ինքը ոչ մի սխալ բան չի արել այս 6 տարիների ընթացքում, ոչ մի մեղք չունի, երկիրն էլ հոյակապ վիճակում է:

Մի աշխատեք բարեմաղթանքներ ու դրական գնահատականներ շռայլել, մի թաքցրեք ձեր դժգոհությունները, մտահոգությունները, քննադատությունը: Մի վախեցեք ձեր համայնքի-թաղի ոստիկանից, համայնքապետից, գողականից: Խոսեք երկրի վիճակի, ձեր մարզի-գյուղի խնդիրների մասին: Նա ձեր վճարած հարկերից է վարձատրվում և ձեր համայնքում իրականացվող ծրագրերն էլ ֆինանսավորվում են պետական բյուջեից, այլ ոչ թե անձամբ վարչապետի գրպանից` պետք չէ դրա համար առանձնահատուկ երախտագիտության զգացում ունենալ և ավելորդ ջանքեր գործադրել, որ նա ձեր համայնքից գոհ հեռանա: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ