Սեպտեմբերի 2-ին տոնում ենք Արցախի Հանրապետության անկախության 28-ամյակը։
1991 թվականի այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որն ընդունեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որին մասնակցեց բնակչության 80 տոկոսը և գրեթե միաբերան կողմ քվեարկեց անկախությանը։ Անկախության հռչակմանը զուգահեռ շարունակվում էր պատերազմը Ադրբեջանի դեմ։ Ի վերջո, 1994 թվականին նաև կնքվեց զինադադարը։
Անկախության հռչակումն ու պատերազմում Ադրբեջանի պարտությունը եղավ մեր հերոսների շնորհիվ։
Անկախության 28-ամյակի առթիվ փորձել ենք թերթել պատմության հերոսական այդ էջը՝ Հայաստանում և Արցախում հարցազրույցներ կազմակերպելով Արցախի հերոսների հետ։
Yerevan Today-ը ներկայացնում է հարցազրույց Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:
Վիտալի Բալասանյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, ԼՂՀ Ասկերան ավանում:
1977-1979 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1990 թվականին ավարտել է Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011 թվականին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ որպես Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ, ապա՝ արտադրության պետ-փոխտնօրեն։ 1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, ապա՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Արցախյան պատերազմում Վիտալի Բալասանյանը մասնակցել է մարտական բազմաթիվ գործողությունների:
2000-2005 թվականներին եղել է «Արցախի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 2007-2010 թվականներին եղել է ԼՂՀ նախագահի խորհրդական։
2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։
2016 թվականին նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Պաշտոնավարումն ավարտել է 2019 թվականին:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
2019 թվականին հիմնադրել է «Հանուն Արցախի» համազգային շարժումը:
Վիտալի Բալասանյանն Արցախի հերոս է, գեներալ-մայոր, արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի և այլ մեդալների ու շքանշանների:
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ զրուցել ենք մի շարք թեմաների շուրջ՝ պատերազմի ընթացք ու հաղթանակներ, ամենահիշարժան մարտերը, աշխատանքը՝ պատերազմից հետո, ակտիվ մասնակցությունը նաև Հայաստանի համար ծանր իրադրությունները հարթելուն, ինչպես, օրինակ, 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավումն էր «Սասնա ծռեր» խմբավորման կողմից:
Զրուցել ենք մարտի 1-ի գործի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքների, ապրիլյան պատերազմի և այն ուսումնասիրող հանձնաժողովի, իր մեքենան խուզարկելու փորձի և այլնի մասին:
«Մենք որևէ բնակավայրում երբևէ կրակակետ չենք տեղադրել: Բայց մենք պարտավոր էինք լռեցնել այն կրակակետերը, որոնք մեզ համար վտանգ էին ներկայացնում, մեր բնակիչներին վտանգ հասցնում: Դա մեր կողմից արդարացված էր»,- ասում է Վիտալի Բալասանյանը:
Արցախի հերոսն Ադրբեջանին զիջում է համարում այն, որ 1994 թվականին կրակի դադարեցման համաձայնագիր ենք ստորագրել. «Մենք պատրաստ էինք վերջին զարկը տալու և հաղթանակը կերտելու ամբողջությամբ»:
Խոսելով Հայաստանում ՊՊԾ գնդի գրավումն իրականացրած «Սասնա Ծռերին» համաներելու մասին՝ Վիտալի Բալասանյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչու Հայաստանի իշխանությունները գնացին այդ քայլին: Ցանկացած հանցագործություն, որ ներվում է, բերում է այլ հանցագործությունների: Տեսեք, թե ինչ են արել «Սասնա Ծռերն» ազատ արձակվելուց հետո՝ Արցախը մարզ է, ռուսական ռազմաբազան պետք է հանել և այլն: Ցույց տվեք մի երկիր, որ ահաբեկիչներին տանում են տելեստուդիա, նրանք էլ քաղաքական գնահատական են տալիս իշխանություններին, Արցախին: Իմ կոչը Հայաստանի իշխանություններին՝ րոպե առաջ զգաստացեք: Րոպե առաջ պետք է իշխանությունը բոլոր երևույթներին գնահատական տա»:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի զավթմանը վերջ տրվեց Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ:
«Ժամանակին ասել եմ՝ նրանք, ովքեր համարում են Արցախը մարզ, ոտք չդնեն: Ուղիղ եմ ասել: Նրանք Ադրբեջանի ու այլ ուժերի ջրաղացին են ջուր լցնում: Արցախը երբևիցե բեռ չի եղել Հայաստանի համար, չկա ու չի լինելու»,- ասաց Արցախի հերոսը:
Ուշագրավ զրույցը՝ տեսանյութում:
Արցախի հերոս, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասնակցությամբ նախորդ թողարկումը՝ այստեղ:
Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ զրույցը՝ այստեղ:
Արցախի հերոս, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ հարցազրույցը՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը