30 08 2019

Արշավիր Ղարամյան. Պատերազմի, կեղծ օրակարգերի, հերոսների անվանարկման մասին



Սեպտեմբերի 2-ին տոնում ենք Արցախի Հանրապետության անկախության 28-ամյակը։

1991 թվականի այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որն ընդունեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որին մասնակցեց բնակչության 80 տոկոսը և գրեթե միաբերան կողմ քվեարկեց անկախությանը։ Անկախության հռչակմանը զուգահեռ շարունակվում էր պատերազմը Ադրբեջանի դեմ։ Ի վերջո, 1994 թվականին նաև կնքվեց զինադադարը։

Անկախության հռչակումն ու պատերազմում Ադրբեջանի պարտությունը եղավ մեր հերոսների շնորհիվ։

Անկախության 28-ամյակի առթիվ փորձել ենք թերթել պատմության հերոսական այդ էջը՝ Հայաստանում և Արցախում հարցազրույցներ կազմակերպելով Արցախի հերոսներից մի քանիսի հետ։

Yerevan Today-ը ներկայացնում է հարցազրույց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանի հետ:

Արշավիր Ղարամյանը ծնվել է 1965թ. հուլիսի 22-ին, ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում: 1984-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ՝ ռազմածովային նավատորմում: 1989-1991 թթ. աշխատել է Ակնաղբյուրի կոլեկտիվ տնտեսությունում՝ որպես գլխավոր տնտեսագետ: 1994 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական հաալսարանը, 2004 թվականին՝ Արցախի պետական համալսարանի իրավագիտություն բաժինը:

1991 թվականին Ակնաղբյուրում կազմավորել է կամավորական ջոկատ: 1992 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին եղել է վաշտի հրամանատար, իսկ 1992-1996 թվականներին՝ Պաշտպանության բանակի Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ մոտոհրաձգային գումարտակի (ՄՀԳ) հրամանատար:

1996-1997 թվականներին աշխատել է ԱՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։

1997-1999 թվականներին եղել է ԱՀ Պաշտպանության բանակի Ասկերանի ՊՇ հրամանատար, 1999-2000 թվականներին՝ ԱՀ ՆԳՆ փոխնախարար, 2000-2004 թվականներին՝ ԱՀ ՆԳՆ նախարարի 1-ին տեղակալ, 2004-2007 թվականներին՝ ԱՀ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ։ 2007 թվականի հոկտեմբերի 1-ին նշանակվել է ԱՀ Ոստիկանության պետ, նույն թվականի դեկտեմբերի 19-ին՝ ԱՀ Գլխավոր դատախազ, 2013 թվականին վերընտրվել պաշտոնում:

2014 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ 2018 թվականի հունիսին նշակակվել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնին: 2019 թվականի հունիսի 26-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:

Արցախի հերոս է, արժանացել է նաև «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշանների, «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» և այլ մեդալների և կրծքանշանների:

Արշավիր Ղարամյանի հետ զրուցել ենք կամավորական 35-րդ մոտոհրաձգային գումարտակի գրանցած հաջողությունների, մի շարք բնակավայրերի համար մղվող մարտերի, պատերազմի դաշտում տարբեր հերոսների հետ հանդիպումների, հետպատերազմյան գործունեության, Արցախի հերոսի կոչման արժանանալու, Հայաստանում գեներաների և պատերազմի հերոսների նկատմամբ վարվող քաղաքականության, Արցախի հարցում կեղծ օրակարգերի, ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի և այլնի մասին:

Արցախի հերոս, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասնակցությամբ նախորդ թողարկումը՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ